Վիգեն Սարգսյան․ Մենք ունեցել ենք հաջող և անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծն առաջին հերթին պաշտպանական քաղաքականությանը անդրադարձող օրինագիծ է և ոչ թե սոցիալական, նախագծով սոցիալական նպաստի խնդիր չի լուծվում։ Պաշտպանության նախարարն այսօր Ազգային ժողովում ներկայացնում էր Մարտական ծառայության ընթացքում զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին աջակցության հիմնադրամ ստեղծելու նախագիծը, որին կառավարությունը հավանություն էր տվել նոյեմբերի 11-ի նիստում։

Համաձայն նախագծի՝ հատուցման գումարները փոխանցվելու են 2017թ․ հունվարի 28-ից հետո գրանցվող դեպքերի համար։ Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքնաչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրամաշնորհային միջոցերից, հատուկ այդ նպատակողվ թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից։

Անդրադառնալով ստեղծվելիք հիմնադրամի թափանցիկության անհրաժեշտությանը՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս հարցում կարևորագույն լուծումն այն է, որ հիմնադրամը թիրախային է․ որևէ այլ ծրագրի համար այս հրմնադրամից միջոցներ օգտագործվել չեն կարող։ Որպես օրինակ՝ նա բերեց «Լույս» կրթական հիմնադրամ, որը տարիներ շարունակ կուտակելով միայն մասնավոր նվիրատվություններ՝ ընտրել է մի ընթացակարգ, որը երբևէ չի խախտել, և որևէ մեկի մոտ այս տարիների ընթացքում կասկած չի առաջացել՝ այդ հիմնադրամի միջոցները օգտագործվում են ճիշտ կամ սխալ։  

Որպես թափանցիկության մեկ այլ երաշխիք՝ պաշտպանության նախարարը մատնանշեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կառուցվածքը՝ երեք ներկայացուցիչ կառավարության կողմից ներկայացվող, երեք՝ Կենտրոնական բանկի և երեք՝ քաղաքացիական հասարակության։

Սարգսյանը նշեց, առաջարկել է՝ կառավարության կողմից երեք թեկնածուի առաջադրման ժամանակ այդ երեք տեղից մեկը, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ երկուսը, լինի ԱԺ-ում ընդդիմություն ներկայացնող խմբակցությունների որոշմամբ ընտրվող խորհրդի անդամ։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ որպես կարևոր գործիք՝ նախատեսվում է՝ հիմանդրամն ունենալու է մշտական գործող կայք, որտեղ ռեալ ժամանակում արտացոլվելու է և՛ հավաքագրվող ամբողջ գումարը, և՛ շահառուները՝ անուն առ անուն, և՛ նվիրատվությունները, որոնք հավաքագրվել են՝ ևս անուն առ անուն։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու գումարների հետ, եթե հունվարի 28-ից հետո դեպքեր չառաջանան՝ նա ասաց՝ օրենքը սահմանում է, որ եթե լինի կուտակված գումար, և դրա անհրաժեշտությունը չառաջանա առաջիկա տարիներին, հիմնադրամի խորհուրդը կկարողանա փորձել լուծել նաև նախկինում զոհվածների կամ շահառու խմբերի կարիքները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պաշտպանության նախարարից հետաքրքրվեց՝ տեղյակ է արդյոք նա, թե ինչ եղավ Լեռնային Ղարաբաղի նախկին փոխվարչապետի կողմից տնօրինվող «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարների հետ, որտեղ նրա խոսքով՝ «կուտակվել էին բավականին լուրջ գումարներ նույն բարի նպատակների համար»։

Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ անվստահության խնդիր կա, և հենց այդ անվստահությունը գիտակցելով են այս դեպքում գնում ոչ թե իր կանոնադրությամբ որևէ մի հիմնադրամ ձևավորելու ճանապարհով, այլ օրենքով են սահմանում հիմնադրամի և՛ հստակ գործառույթները, և՛ վերահսկողության մեխանիզմները։

«Մենք ունեցել ենք հաջող և անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր, ես չեմ կարող հիմա մեկնաբանել դրանցից յուրաքանչյուրը առանձին»,- ասաց նա՝ հավելելով, որ համաձայն օրենսդրության՝ ցանկացած հիմնադրամից կարելի է պահանջել հաշվետվություն իր կատարած աշխատանքի համար։

Զոհրաբյանի դիտարկմանը, որ նախարարն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ինչի վրա են ծախսվել «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարները, Վիգեն Սարգսյանը պատասխանեց․ «Ես ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը»։