Իրանը ցանկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում հրավիրել

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այց Ռուսաստան մոտ ժամանակներում չի ծրագրվում, նման այցի նախապատրաստում չի ընթանում, «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանը։

«Այցի նախապատրաստում չի ընթանում»,- ասել է Ճաղարյանը՝ նշելով, որ իրանական կողմը շահագրգռված է հաջորդ տարի Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացմամբ, սակայն դեռ նման միջոցառման ժամկետներ հստակեցված չեն։

Թեհրանում եռակողմ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին Բաքվում 

Այս տարվա օգոստոսին Բաքվում կայացել էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով նախագահներն ընդունել էին հռչակագիր՝ հաստատելով եռակողմ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը։ 

Հռչակագիրը վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, Կասպից ծովի շուրջ փոխգործակցությունը, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում կապերի զարգացումը։ Կողմերը պայմանավորվել էին ստեղծել աշխատանքային խմբեր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։ 

Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը երեք երկրների ղեկավարների եռակողմ առաջին գագաթաժողովն էր։ Հենց Բաքում Հասան Ռոհանին առաջարկել էր, որ նման ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացվի Իրանում։ 

Իրանի նախագահը կայցելի Հայաստան 

Այս տարվա սեպտեմբերի կեսին իրանական լրատվամիջոցները, մասնավորապես, Tehran Times-ը, հաղորդել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ծրագրում է այցելել Հայաստան: Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ դատելով իրանական լրատվական դաշտի ակտիվությունից՝ այցը կկայանա մինչև Ամանոր։