Նոյեմբերի 14-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի միջև։
Կրեմլը հաղորդում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել «փոխադարձ պայմանավորվածության համաձայն»։ Ըստ հաղորդագրության՝ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ և ԱՄՆ-ի նոր վարչակարգի հետ «իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա գործընկերային երկխոսություն կառուցելու պատրաստակամություն հայտնել»։
«Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը ոչ միայն համակարծիք էին ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մեծապես չգոհացնող իրադրության գնահատականում, այլև հանդես են եկել դրանց կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի և հարաբերությունները հարցերի ամենալայն շրջանակի շուրջ կառուցողական փոխգործակցության հուն մտցնելու օգտին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահի վարչակարգը մատնանշում է այն փաստը, որ հաջորդ տարի լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 210-ամյակը, ինչն ինքնին «պետք է խթանի վերադարձը պրագմատիկ, փոխշահավետ համագործակցության»։
Թրամփն ու Պուտինը նաև համակարծիք էին «ընդհանուր թշնամու»՝ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերը միավորելու անհրաժեշտության հարցում։
Los Angeles Times-ն էլ հաղորդում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ։
Պարբերականը հղում է անում Թրամփի անցումային թիմին, որը հաստատել է՝ Պուտինը զանգահարել է Թրամփին «պատմական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելու համար»։
Los Angeles Times-ը նկատում է, որ «զանգն ուշագրավ է մի քանի առումներով»․ ԱՄՆ-ի հետախուզությունը մեղադրել է ՌԴ կառավարությանը դեմոկրատների էլեկտրոնային նամակները հաքերային հարձակման ենթարկելու մեջ՝ ընտրությունների վրա ազդելու նպատակով, բացի այդ, Թրամփը դրական է խոսել Պուտինի մասին՝ քարոզարշավի ժամանակ հայտարարելով, որ Պուտինը ավելի լավ առաջնորդ է, քան Բարաք Օբաման։