Օմբուդսմենի կարծիքով՝ 1000 դրամի նախագծի հարցում հանրության վստահության խնդիր կա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի առնչությամբ՝ նշելով, որ ակնհայտորեն առկա է հատուցման նախատեսվող համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու խնդիր։ ՄԻՊ գրասենյակում նշում են, որ առանց հասարակական լայն քննարկումների առկա մտահոգությունները հնարավոր չէ փարատել։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է պաշտպանության նախարարության մշակած օրենքի նախագիծը՝ կապված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման հետ:

Այսպիսի նախագծի վերաբերյալ բարձր ակտիվությամբ հանրային քննարկումները բնական են՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է երկրի պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանը և, հետևաբար, նրանց սոցիալական պաշտպանվածությանը: Այդ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են վեր հանելու ոլորտին առնչվող մտահոգություններն ու խնդիրները:

Զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն առկա է հատուցման նախատեսվող համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու խնդիր: Առաջարկվող համակարգի գործունեության նկատմամբ վստահությունը նախագծի քննարկման այս փուլում ունի կարևորագույն նշանակություն՝ այդ համակարգի հանրային լեգիտիմության ու հետագա գործադրման տեսանկյունից: Առաջ են քաշվում նաև հարցեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից գումարների ծախսմանը, այդ գումարների գոյացման աղբյուրներին, հիմնադրամի կառավարման արդյունավետությանը և այլն»:

ՄԻՊ գրասենյակում նշում են, որ հնչող մտահոգություններն ու առաջ քաշվող խնդիրները պահանջում են հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը՝

1. Պետք է հասարակության հնարավորինս լայն շրջանակների, այդ թվում՝ լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ կազմակերպել քննարկումներ և մանրամասն ուսումնասիրել հնչող բոլոր մտահոգությունները: Ակնհայտ է, որ առանց նման քննարկումների այդ մտահոգությունները հնարավոր չի լինի փարատել։
2. Պետք է ապահովել հիմնադրամի աշխատանքների առավելագույն թափանցիկություն՝ որպես նախատեսվող հատուցման համակարգի նկատմամբ վստահության կարևորագույն գրավական։
3. Հիմնադրամը պետք է գործի նաև առավելագույն հաշվետվողականության պայմաններում: Դա կարելի է ապահովել, օրինակ, հատուցման գումարների գոյացման, դրանց չափի ու ծախսման, ինչպես նաև հիմնադրամի գործունեության մյուս ուղղությունների վերաբերյալ հանրային հաշվետություններ կամ զեկույցներ պարբերաբար հրապարակելու ձևով։
4. Անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ վերահսկողությունը հիմնադրամի աշխատանքների նկատմամբ, այդ թվում՝ հիմնադրամի կառավարմանը նրա նեկայացուցիչների անմիջական մասնակցության ձևով: Դրան պետք է անմիջական մասնակից դարձվեն նաև լրատվության միջոցների ներկայացուցիչները:

«Այս ամենը պետք է ստանա նաև հստակ օրենսդրական ամրագրում»,- ասված է հայտարարության մեջ:

***

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծ, որին կառավարությունը հավանություն էր տվել նոյեմբերի 11-ի նիստում, ներկայում առաջին ընթերցմամբ քննարկվում է Ազգային ժողովում։

Համաձայն նախագծի՝ հատուցման գումարները փոխանցվելու են 2017թ․ հունվարի 28-ից հետո գրանցվող դեպքերի համար։ Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքնաչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրամաշնորհային միջոցերից, հատուկ այդ նպատակողվ թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երեկ Ազգային ժողովում ներկայացնելով օրենքի նախագիծը, անդրադարձել էր նաև ստեղծվելիք հիմնադրամի թափանցիկության անհրաժեշտությանը և նշել, որ այստեղ կարևորագույն լուծումն այն է, որ հիմնադրամը թիրախային է․ որևէ այլ ծրագրի համար այս հրմնադրամից միջոցներ օգտագործվել չեն կարող։ Որպես թափանցիկության մեկ այլ երաշխիք՝ նա մատնանշել էր նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կառուցվածքը՝ երեք ներկայացուցիչ կառավարության կողմից, երեք՝ Կենտրոնական բանկի և երեք՝ քաղաքացիական հասարակության։

Մեկնաբանել