Կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

Նոյեմբերի 15-ի լույս գիշերը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։ Վերջինս մեղադրվում է «Ռոսնեֆտ» ընկերությունից 2 մլն դոլարի չափով կաշառք դրամաշորթելու մեջ, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ պաշտոնյան գումարն ստացել է նոյեմբերի 14-ին։ Նա ձերբակալվել է կաշառքի ստացման պահին։ ՔԿ-ի վարկածով՝ 2 մլն դոլարը նախարարության կողմից տրված դրական գնահատականւ համար է, որը «Ռոսնեֆտ»-ին թույլ է տվել ձեռք բերել «Բաշնեֆտ» ընկերության պետական փաթեթը։ Ընդ որում, Ուլյուկաևն, ըստ հաղորդագրությունների, ընկերությունից գումարը շորթել է սպառնալիքների միջոցով։

Նախարարի դեմ հարուցված քրեական գործը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով, նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում և խոշոր չափերի տուգանքներ։

Ինչպես հաղորդում է Russia Today-ը, տնտեսական զարգացման նախարարի ձերբակալությունը քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Վերջինս «հանդես է եկել գործի ամենահանգամանալից քննության օգտին»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը, ասել է, որ Վլադիմիր Պուտինը Ուլյուկաևի նկատմամբ օպերատիվ գործողությունների հենց սկզբից ստացել է ամբողջ տեղեկատվությունը։

Ռուսաստանցի նախարարի ձերբակալությանը Թվիթերում արձագանքել է ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը, որն, ի դեպ, օրերս, ներառվել է Ռուսաստանի սև ցուցակում և նրա մուտքն այդ երկիր արգելվել է։ Մաքֆոլն իր զարմանքն է հայտնել Ուլյուկաևի ձերբակալության կապակցությամբ և նշել, որ նա համարվում է ՌԴ կառավարության լիբերալներից մեկը։ Նախկին դեսպանը տեղի ունեցածը որակել է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող իրադարձություն։

Մեկնաբանել