ԵՄ-ն Ադրբեջանի հետ կբանակցի նոր համապարփակ համաձայնագրի շուրջ

Նոյեմբերի 14-ին Եվրամիության Խորհուրդը կանաչ լույս է տվել Ադրբեջանի հետ ավելի սերտ կապերի հաստատմանն ուղղված նոր համաձայնագրի մշակմանը։

Ինչպես ասված է ԵՄ հաղորդագրության մեջ, Խորհուրդը մանդատ է տվել Եվրահանձնաժողովին և Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ Ադրբեջանի հետ բանակցելու համապարփակ համաձայնագրի շուրջ։

Նշվում է, որ նոր համաձայնագիրը կոչված է փոխարինելու 1996թ․ Եվրամիության և Ադրբեջանի միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։

Ընդգծվում է, որ այն ավելի շատ է հաշվի առնելու ԵՄ-ի և Ադրբեջանի այսօրվա համատեղ նպատակներն ու մարտահրավերները։

«Այն առաջարկելու է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխշահավետ համագործակցության և քաղաքական երկխոսության համար արդիականացված հիմք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է Azertag գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել է, որ նոր համաձայնագիրը կնպաստի Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները «որակական նոր մակարդակի դուրսբերմանը»։

Մեկնաբանել