Վճարովի ավտոկայանատեղերի հարցով բանակցություններն ավարտվել են

Երևանում վճարովի ավտոկայանատեղերի մատուցման ծառայությունը կազմակերպող «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունները՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ բանակցությունների արդյունքները ներկայացվել են կառավարությանը։

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երևանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:

«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ՝ մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից»,- ասել է Տարոն Մարգարյանը:

***

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին խորհրդակցություն էր անցկացրել և ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Ի թիվս այլնի՝ նա հանձնարարել էր «Սեքյուրիթի դրիմ» ընկերության [Հայաստանում արագաչափերն ու տեսախցիկները ներկրում է այս ընկերությունը – խմբ․] և «Փարկինգ սիթի սերվիս» ու «Լոկատոր» կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նոյեմբերի 3-ին նիստում ՀՀ ոստիկանապետին հանձարարել էր բանակցել «Սեքյուրիթի դրիմ»-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ։ Ֆինանսների և արդարադատության նախարարներին հանձնարարվել էր աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» կոնսորցիումի հետ բանակցություններում և մեկշաբթայա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ։