Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջուլիանին՝ ԱՄՆ պետքարտուղարի ամենահավանական թեկնածու

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին դիտարկվում է որպես ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի ամենահավանական թեկնածու, հաղորդում է New York Daily News-ը։

Մյուս հավանական թեկնածուն ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն է։

Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտարկում են որպես հիմնական։ Վերջնական որոշումը կընդունվի արդեն առաջիկա շաբաթներին։

Reuters-ը հայտնում է, որ 72-ամյա Ջուլիանին Դոնալդ Թրամփի ամենաակտիվ սատարողներից էր քարոզարշավի ժամանակ՝ հանրահավաքների ընթացքում հաճախ առանձնանալով Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ հուժկու հարձակումներով։

Ռուդի Ջուլիանին Նյու Յորքի քաղաքապետն էր 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ։

Ջուլիանին Թրամփի վաղեմի ընկերն է, նրան մշտապես պաշտպանել է տարբեր իրավիճակներում։

ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի մյուս թեկնածուն 67-ամյա Ջոն Բոլթոնն է։ 2005 օգոստոսից մինչև 2006թ․ դեկտեմբերը Ջորջ Բուշի վարչակազմում զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը։

Պարբերաբար արտաքին քաղաքական հարցերով խորհրդատվություն է մատուցել ԱՄՆ-ի նախագահի Հանրապետական թեկնածուներին։

Մեկնաբանել