Թուրքիան բացահայտ սատարել է Ադրբեջանին ապրիլյան բախումներում․ ԵՄ զեկույց

Թուրքիան բացահայտ սատարել է Ադրբեջանին 2016թ․ ապրիլին Լեռնային Ղարաբաղում բախումների ժամանակ․ այսպիսի գնահատական է տվել Եվրահանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ իր 2016թ․ առաջընթացի զեկույցում։

Փաստաթուղթը մատնանշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2009թ․ արձանագրությունները դեռ չեն վավերացվել։ 

Նոյեմբերի 9-ին հրապարակված 100-էջանոց զեկույցը փաստում է, որ անցնող տարվա ընթացքում Թուրքիան ընդհանուր առմամբ հետընթաց է գրանցել Միությանն անդամակցության չափորոշիչներին համապատասխանելու տեսանկյունից։  

Զեկույցի հեղինակները բարձրաձայնում են Թուրքիայում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում առկա վիճակը, խտրականությունն ու ատելության լեզուն փոքրամասնությունների նկատմամբ։

Եվրամիությունը իր խոր մտահոգությունն է հայտնում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունների՝ այլախոհների ու ընդդիմախոսների դեմ գործողությունների առնչությամբ՝ արձանագրելով, որ երկիրն ընդհանուր առմամբ հետընթաց է գրանցել դատական իշխանության անկախության, արտահայտման ազատության տեսանկյունից։ Այդ ամենի արդյունքում, ասված է զեկույցում, Եվրամիությանն անդամակցելու Անկարայի հեռանկարն էլ ավելի է հեռու է թվում։

Մտքի, խղճի և կրոնի ազատության մասով, ի թիվս այլ ձախողումների, հիշատակվել է այն, որ մի քանի տարի է՝ լուծում չի տրվում Հայոց պատրիարքության՝ հայոց լեզվի դասավանդման առաջարկին։ Հեղինակները արձանագրում են, որ նմանատիպ խնդիրների են առերեսվում քրիստոնեական մյուս համայնքները։