ԿԲ-ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 15-ի նիստին 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.5%:

ԿԲ մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2016թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.9%: ԿԲ գնահատումների համաձայն՝ գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ կշարունակի մեղմվել:

«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են թույլ գնաճային զարգացումներ: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, ինչպիսին է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճի տեմպերի դանդաղումը, իսկ ներքին պահանջարկի վերականգնմանը մեծամասամբ նպաստում են 2015-2016 թթ․ ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները:

«2017թ. առաջին եռամսյակում ակնկալվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչը առաջարկի գործոն է և միայն կարճաժամկետ հատվածում կհանգեցնի գնաճի որոշակի նվազման: Այնուամենայնիվ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը պահպանվում են, որոնց ներկայումս ավելացել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ում նշում են, որ այս պարագայում դեռևս նպատակահարմար է դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը:

«Այսպիսով, շարունակական խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում գնանկումային միջավայրը առաջիկա ամիսներին հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Միևնույն ժամանակ, լրացուցիչ ռիսկերի դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` մինչև 6.75%, իջեցրել էր 2016թ. սեպտեմբերի 27-ին:

Մեկնաբանել