Մեծ զորամասերում ԹՈՒՄՈ-ի նման կենտրոններ կհիմնվեն․Վիգեն Սարգսյան

Մեծ զորամասերում ԹՈՒՄՈ-ի նման տեխնոլոգիական կենտրոններ կհիմնվեն․ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը։ Հանդիպմանը նախարարը քննարկել է բանակի խնդիրները, իր առաջ քաշած «Ազգ-բանակ» հայեցակարգը։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու բանակում ընդհանուր կրթական մակարդակի բարձրացմանը։ «Խոշոր զորամասերում ստեղծվելու են լրացուցիչ կրթության օջախներ։ Այդ ուղղությամբ արդեն երկխոսություն ենք սկսել ՏՏ մի քանի ընկերությունների հետ։ Խոշոր զորամասերում ցանկանում ենք ԹՈՒՄՈ-ի տիպի կենտրոններ ունենալ»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ իրենց նպատակն է, որպեսզի զինվորը, ծառայությունն ավարտելով, առողջ, հայրենասեր և ավելի շատ գիտելիքներ ստացած վերադառնա։

Վիգեն Սարգսյանը կարևորել է ռազմական կրթության զարգացումը և նշել է, որ այն մեկուսացված է ընդհանուր կրթությունից։ Ներկայում կա ռազմական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը։ Այս հաստատությունների շրջանավարտներն ապահովում են աշխատանքով պաշտպանության համակարգում։ Բայցևայնպես, այս բուհերի դիմորդների թիվը նվազել է։ Նախարարն ասել է, որ բարեփոխվում են կրթական ծրագրերը, մեծացվում է ռազմական կրթության գրավչությունը։

Պաշտպանության նախարարը հիշեցրել է՝ ներկայում հնարավորություն կա, որ այլ բուհերում սովորողները կարող են շաբաթ օրերն այցելել ռազմական համալսարան և հետագայում հնարավորություն ունենան ծառայությունն անցնելու որպես սպա։