Ժխտողականությունը թևակոխել է Թվիթերի և ամբոխապետության դարաշրջան․ Forbes-ը՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Forbes-ում լույս է տեսել Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Իհրիգի «Ցեղասպանության ժխտումը վարակիչ կերպով տարածվում է» վերնագրով հոդվածը։ Հեղինակն անդրադառնում է կինոֆիլմերի համացանցային բազայում՝ IMDb-ում, Ցեղասպանության մասին «Խոստումը» պատմական դրամայի կողմնապահ վարկանիշավորմանն ու ժխտողականների կազմակերպած հակահայկական արշավին։ Իհրիգը գրում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման առումով ոչինչ չի փոխվել․ երևույթը պարզապես կերպարանափոխվել է և թևակոխել առցանց տիրույթ։ Մեղավոր է, ըստ հեղինակի, ոչ միայն թուրքական լոբբին, այլև արևմտյան կարծիք ձևավորողները, որոնք անտեսում են թեման, ինչի հետևանքով էլ այն շարունակում է անհայտ մնալ լայն հանրությանը։

«Այս մասին գրելը վտանգավոր է․ Հայոց ցեղասպանության մասին խոսել նշանակում է մեծ ռիսկի դիմել։ Դա առնվազն կլինի հոգնեցնող փորձառություն՝ առցանց վիրավորանքներով, սպառնալիքներով, Ամազոնում վարկանիշի իջեցմամբ և հրապարակային վարկաբեկմամբ։ Մինչև այժմ դա արդիական էր անհատների՝ գիտնականների, արվեստագետների և ակտիվիստների համար։ Այժմ, կարծես վերաբերում է նաև հոլիվուդյան ֆիլմերի»,- հոդվածն այսպես է սկսում հեղինակը։

Նա վստահ է՝ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ 20-րդ դարի պատմության ամենահակասական թեմաներից և նույնիսկ 100-րդ տարելիցից հետո քիչ հավանական է, որ այդ հակասականությունը կվերջանա և ինչ-ինչ համաձայնություն ի հայտ կգա, ճիշտ հակառակը։

Թուրքիայի ժխտողականության համատեքստում Իհրիգն անդրադառնում է վերջերս Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի գլխավորությամբ Դրեզդենում և Բրանդենբուրգում անցկացված «Աղետ» համերգաշարին՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին և այս կապակցությամբ Անկարայի հակազդող գործություններին․ Թուրքիայի նախագահ Էրդողանը դիմել էր Եվրոպական միության ազգերի հանձնաժողովին՝ պահանջելով չֆինանսավորել և արգելել համերգները։

«Այժմ մենք հակահայկական արշավի կիզակետում ենք։ Այս անգամ թիրախը հոլիվուդյան ֆիլմ է՝ «Խոստումը»,- գրում է Ստեֆան Իհրիգը՝ նշելով, որ այս ամենն ունի երկար ավանդույթ և հիշեցնում 80 տարի առաջ թուրքական կառավարության ճնշման տակ Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան քառասուն օրը» ստեղծագործության հիման վրա կինոյի նկարահանման ձախողումը։

Իհրիգը կարծում է, որ շատ բաներ փոխվել են այն ժամանակներից ի վեր, սակայն շատ բաներ էլ մնացել են նույնը։ Ըստ նրա՝ մեկ հստակ ցուցիչ է այն, որ այս ընթացքում Հայոց ցեղասպանության մասին գրված մեծաթիվ ստեղծագործությունները շատ քիչ գրախոսականների են արժանացել Արևմուտքի գլխավոր լրատվամիջոցներում։

Ավելին, անցյալ տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի լուսաբանման անգամ թռուցիկ ուսումնասիրությունը, ըստ հեղինակի, ցույց է տալիս, որ հայերի և հայոց պատմության հարցերը բարձրաձայնել են գերազանցապես հայկական ծագմամբ հեղինակներ։ Բացի եվրոպական տարբեր ազգային խորհրդարանների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերից, հանրային կարծիք ձևավորողներից շատերը լուռ են մնում, կարծում է հոդվածագիրը, և սա վերաբերում է ոչ միայն լրագրողներին, այլև պատմաբաններին, որոնք գրում են 20-րդ դարի կամ Առաջին աշխարհամարտի պատմությունը։

Հեղինակը փաստում է՝ Հայոց ցեղասպանության թեման շարունակում է ընկալվել որպես «նոր» և համեմատաբար անհայտ թեմա, որը լայն հանրությանն անծանոթ է։

«Թուրքական կառավարությունը կառուցել է շատ ամուր և համեմատաբար հաջող լռության պատ՝ արգելակելով ոչ միայն ճանաչման, այլև նույնիսկ հարցի քննարկման փորձերը ահաբեկման տարբեր միջոցներով։ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է համարվի վերջին հարյուր տարվա ամենահաջող լոբբիստական արշավներից մեկը, երբ խոսքը գնում է անցյալի մեր ընկալման վրա ազդեցության մասին։

Եթե նույնիսկ միջամտության մեթոդները փոխվել են, թուրքական ժխտողականությունը անցյալում մնացած բան չէ։ Դա ավելի հազվադեպ կառավարության կամ դեսպանության կողմից ուղիղ միջամտություն է և ավելի հաճախ սպառնալիքի, վախի և պարտադրված լռության ընդհանուր մթնոլորտ»,- գրում է Ստեֆան Իհրիգը՝ հավելելով, որ կարելի է միայն պատկերացնել, թե որոնք են լրատվական ընկերություններին սպառնացող վտանգները, սակայն դրանք գոյություն ունեն և շատ իրական են։

«Խոստումը», նշում է հեղինակը, առաջ է անցել անցյալի խոշոր նախագծերից գլխավորապես այն պատճառով, որ այն անկախ ֆինանսավորում է ստացել։ Այն երբևէ ամենաթանկ անկախ ֆիլմերից է, որը դեռ պետք է հաղթահարի կարևորագույն խոչընդոտներից մեկը։

Ստեֆան Իհրիգն այնուհետև անդրադառնում է կինոֆիլմերի համացանցային բազայում՝ IMDb-ում, «Խոստումը» դրամայի կողմնապահ վարկանիշավորմանը և տեղեկացնում, որ վերջին շաբաթներին ֆիլմի օգտին քվեարկել է ավելի քան 91 հազ․ մարդ․ գնահատականները հիմնականում 1 և 10 են։ Մեծամասնությունը՝ 57 հազ․, 1 բալ է, ինչն ակնհայտ արշավ է՝ ուղղված ֆիլմի վարկանիշի իջեցմանը։

«Մենք ականատես ենք ևս մեկ հակահայկական ժխտողական արշավի, որը ծավալվում է արտերկրում՝ Թուրքիայից շատ հեռու, բաց, ժողովրդավարական հասարակություններում։ Պարզ չէ, թե ով է ղեկավարում արշավը, սակայն կարելի է եզրակացնել, որ ինչպես մյուս արշավների դեպքում, կապը տանում է դեպի թուրքական կառավարություն և/կամ ազգայնական խմբեր»,- նկատում է Իհրիգը՝ ընդգծելով, որ այսօր մենք ականատես ենք ժխտողականության մեկ այլ դրսևորման։

«Ժխտողականությունը թևակոխել է Թվիթերի և առցանց ամբոխապետության դարաշրջան և, ցավոք, շատ հաջող»,- եզրակացնում է հեղինակը։

Independent-ը՝ IMDb-ում «Խոստումը» ֆիլմի վարկանիշավորման մասին

Հոկտեմբերի վերջին բրիտանական Independent-ի Քրիստոֆեր Հութոնը գրել էր, որ «կամ կան ինչ-որ հսկայական կինոթատրոններ, որոնց մասին երբեք չէր լսել, կամ IMDb-ի օգտատերերը, առանց այն տեսնելու, քվեարկում են՝ ելնելով քաղաքական նախասիրություններից»։ Նա հետազոտել էր քվեարկության վիճակագրությունը և պարզել, որ քվեների մեծ մասը գալիս է ԱՄՆ-ից դուրս ապրող արական սեռի ներկայացուցիչներից։ Հեղինակը ուշադրություն էր հրավիրում այն փաստին, որ «Խոստումը» ցուցադրվել է ընդամենը երեք անգամ։

Սերժ Թանկյանի և Շերի արձագանքը

«Խոստումը» ֆիլմը սեպտեմբերի 12-ին ներկայացվել էր Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում և անմիջապես դարձել թուրք և ադրբեջանցի ժխտողականների թիրախը։ Ժապավենի դեմ սկսված արշավի մասին ահազանգել էին ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի գործիչներ:

«Թվում է՝ Ցեղասպանության ժխտողները անգամ մինչև «Խոստումը» ֆիլմի թողարկումը փորձում են նվազեցնել դրա վարկանիշը՝ դնելով 1: Սա իսկական քաղաքական արշավ է և պետք է հետաքննվի IMDB-ի կողմից»,- Ֆեյսբուքում գրառում էր արել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կոչ անելով քվեարկել ֆիլմի օգտին՝ դրա դիրքերի «սարսափելի և անարդար» անկմանը հակազդելու համար:

Ի աջակցություն ֆիլմի հանդես էր եկել աշխարհահռչակ մեկ այլ հայ՝ երգչուհի Շերը, որը ֆիլմը դիտելուց հետո գրառում էր արել Թվիթերում․ «Այսօր երեկոյան դիտել եմ «Խոստումը»։ Դա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես թուրքերը կոտորեցին 1,5 մլն հայ 1915թ․։ Էրդողան փաշա․․․ այլևս երբե՛ք»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել