Հայաստանն ու Մոլդովան կվերացնեն վիզային ռեժիմը

Հայաստանն ու Մոլդովան քաղաքացիների միջև մուտքի արտոնգագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր են ստորագրել․ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և աշխատանքային այցով Երևան ժամանած՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը։

Երկու երկրների միջև ստորագրվել է նաև համաձայնագրեր զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Անդրեյ Գալբուրի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։

Նալբանդյանն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իր հերթին Անդրեյ Գալբուրը ներկայացրել է Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման օրակարգում է եղել նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Նախարարները համակարծիք են եղել, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանի և Անդրեյ Գալբուրի համատեղ մամուլի ասուլիսը՝ ստորև