Քաղաքապետարանը ձեռք կբերի «Փարկինգ սիթի սերվիս»-ի 100 տոկոս բաժնեմասը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նոյեմբերի 16-ին ներկայացրել է Երևանում վճարովի ավտոկայանատեղերի մատուցման ծառայությունը կազմակերպող «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքները։

Ինչպես հաղորդում են քաղաքապետրանաի մամուլի ծառայությունից, Վահե Նիկոյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում «Փարկինգ սիթի սերվիս»-ը ներկայացրել է, որ ընկերությունը ծանրաբեռնված է ինչպես ներդրված ակտիվներով, այնպես էլ այդ ակտիվների ձեռքբերման համար ստանձնած պարտավորություններով` փոխառու միջոցներով:

«Երևանի քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը, այն պայմանով, որ ձեռքբերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում՝ այդ փաստը պետք է հստակ ամրագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից: Միաժամանակ հաշվի առնելով նաև ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձ ունենալու հանգամանքը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ սիթի սերվիս»-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին: Արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երևանի ենթակայությանն անցած ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը»,- ասել է փոխքաղաքապետը:

Նիկոյանը մանրամասնել է, որ հաջորդ քայլով Երևանի քաղաքապետարանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ կլուծի «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության հետ կնքված «Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման» գնման պայմանագիրը, ինչը ենթադրում էր վճարման հայտնի 70-30 հարաբերակցությունը: Փոխարենը ՀՀ կառավարության համաձայնությամբ ուղղակի եղանակով մինչև 10 տարի ժամկետով կկնքի երկու պայմանագիր, որոնցից առաջինը «Փարկինգ սիթի սերվիս»-ի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով՝ դրա համար անհրաժեշտ հաշվարկված և ֆիքսված գումարի չափով՝ հստակ սահմանելով ծառայության մատուցման չափորոշիչները:

Երկրորդ պայմանագիրը կլինի «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ՝ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ծառայության ձեռքբերման համար: Պայմանագրով հստակ կսահմանվեն այն նվազագույն արդյունքները, որոնք պետք է ապահովի «Փարկինգ սիթի սերվիս»-ը, և որոնք պետք է պակաս չլինեն նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված առավելագույն արդյունքից, որի դիմաց «Լոկատոր» ՓԲԸ-ն կվարձատրվի հստակ ամրագրված գումարի չափով:

«Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, իսկ ավտոկայանատեղերի տուրքից Երևանի բյուջե հավաքագրվող գումարները (հանած ծախսերը) առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո տարեկան առնվազն 400 մլն դրամով»,- ասել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ գործընթացի ամբողջական ավարտի համար կպահանջվի շուրջ երկու ամիս:

Անդրադառնալով վճարովի ավտոկայանտեղերի համար սահմանված տեղական տուրքերի հնարավոր փոփոխման հարցին՝ Վահե Նիկոյանը նշել է, որ 2017թ․ տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծն այս պահին հանրային քննարկման փուլում է և դրանով առաջիկայում դրույքաչափերի որևէ փոփոխություն չի նախատեսվում:

***

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին խորհրդակցություն էր անցկացրել և ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Ի թիվս այլնի՝ նա հանձնարարել էր «Սեքյուրիթի դրիմ» ընկերության [Հայաստանում արագաչափերն ու տեսախցիկները ներկրում է այս ընկերությունը – խմբ․] և «Փարկինգ սիթի սերվիս» ու «Լոկատոր» կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նոյեմբերի 3-ին նիստում ՀՀ ոստիկանապետին հանձարարել էր բանակցել «Սեքյուրիթի դրիմ»-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ։ Ֆինանսների և արդարադատության նախարարներին հանձնարարվել էր աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» կոնսորցիումի հետ բանակցություններում և մեկշաբթայա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ։

Մեկնաբանել