ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Russia Today գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին։ Հարցազրույցը որոշ կրճատումներով՝ ստորև։
Ռուսաստանի հետ Հայաստանի միացյալ զորախմբի ստեղծման մասին
Զորախմբի ստեղծման նպատակների մասին հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է․
– Եթե ճշգրիտ լինել, դա նորություն չէ, այլ վաղուց գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների շարունակությունն է։
Դա դրական գործընթաց է, քանի որ ռուս-հայկական ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունն անընդհատ լցվում է բովանդակությամբ։ Այսինքն, դա լավ նորություն է, և մենք աշխատելու ենք այնքան, մինչև այդ համատեղ զորախումբը կդառնա այնպիսին, ինչպիսին ցանկանում ենք։
Հայաստանում ՌԴ նոր ռազմաբազայի ստեղծման մասին
– Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները կլանելու բոլոր այն տարրերը, որոնք պահանջված կարող են լինել։ Հետևաբար մեկ բազա փոքր Հայաստանում, ես կարծում եմ, բավական է, պարզապես դրան պետք է ռազմական հզորություն հաղորդել։
Հայաստանի տարածքում «Իսկանդեր» ռուսաստանյան հրթիռային համալիրների տեղակայման մասին
– Կարծում եմ՝ դա [«Իսկանդեր»-ների տեղակայումը – ՍիվիլՆեթ] պարտադրված քայլ էր, որպեսզի ինչ-որ կերպ հավասարակշռվի իրավիճակը մեր տարածաշրջանում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին պարբերաբար ձեռք է բերել նորագույն սպառազինություններ։ Մենք չունենք Ադրբեջանի պես հնարավորություններ, նկատի ունեմ՝ ֆինանսական հնարավորություններ, սակայն անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրադրությունը՝ գտնելով հակաթույն։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում «Իսկանդեր»-ը հենց այդ հակաթույնն է։
Սպառազինությունների մրցավազքը միջազգային փոխհարաբերությունների դրական ասպեկտներից չէ, սակայն եթե «քեզ ամեն օր պատերազմով ու ֆիզիկական բնաջնջմամբ են սպառնում», ստիպված ես ձեռնարկել համապատասխան քայլեր։
Ռուսաստանի՝ որպես խաղաղարարի դերակատարության մասին
– Ռուսաստանը առանցքային դեր է խաղում մեր տարածաշրջանում, այդ թվում՝ խաղաղության և կայունության պահպանման գործում։ Եվ Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել ռազմական գործողությունների դադարեցման գործում։
Այն ինչ արել է Ռուսաստանը, հնարավոր է, միակն էր այն իրավիճակում, որը ստեղծվել էր ապրիլին։
Բանակցություններին վերադառնալու և Ալիևին հանդիպելու պատրաստակամության մասին
Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է վերադառնալ բանակցություններին։ Ալիևին հանդիպում առաջարկելու պատրաստակամության մասին ասել է։
– Մենք երբեք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվել՝ լինի նախագահւ, ԱԳ նախարարի կամ անգամ աշխատանքային մակարդակում։ Սակայն մենք մշատպես այն բանի օգտին ենք, որ այդ հանդիպումները օգուտ բերեն, լինեն տեղաշարժեր։ Եթե չեն լինում տեղաշարժեր, հանդիպում ենք և պայմանավորվածությունները չեն կատարվում, ի՞նչ օգուտ այդ հանդիպումներից։
Միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին
– Ոչ մի մեխանիզմ չկա։ Այդ մասին մենք խոսում ենք, երևի, հինգերորդ տարին։ Համանախագահները, ըստ ամենայնի, ունեն պատրաստի փաստաթուղթ, սակայն ադրբեջանական կողմը դա չի ցանկանում։ Նրանք ասում են՝ այո, իհարկե, սակայն այն բանից հետո, երբ հայկական զորքերը դուրս կգան ադրբեջանական շրջաններից։
Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք անգամ վաղը, անգամ այսօր ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիր կնքել։ Մենք ցանկանում ենք, որ և համանախագահները, և միջազգային հանրությունն իմանան՝ ով է խախտում հրադադարի ռեժիմը։
Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» մասին
– Կարելի է, եթե դա օգուտ կտա՝ իրադարձություններին օպերատիվ արձագանքելը։ Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և, մեր տվյալներով, դա ադրբեջանցիներն են, ես վերցնում եմ խոսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում եմ՝ կրակում են։ Եվ նա իսկապես ստուգում է։
Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել՝ մերոնք կրակում են, թե ոչ, իհարկե փոխադարձն ակնկալելով Ադրբեջանի ղեկավարից»,- հայտարարել է ՀՀ ղեկավարը՝ պատմելով, որ 1990-ականներին թեժ գծի ստեղծման փորձ արվել է․ այդ ժամանակ Սարգսյանը ՀՀ ՊՆ ղեկավարն էր և ուղիղ գիծ ուներ Ադրբեջանի պաշտոնակցի հետ։
Մենք կարող էինք արտահերթ դեպքերում, երբ արտահերթ կապի կարիք կար, կապ հաստատել միմյանց հետ, սակայն այժմ նման բան գոյություն չունի։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին
Կարգավորման հնարավորության մասին Սարգսյանն ասել է․
– Ցավոք, այստեղ էլ հարցը ինձ չէ պետք ուղղել։ 2008թ․ մենք առաջարկեցինք թուրքերին հրապարակել այն բանակցային գործընթացը, որը դանդաղ էր ընթանում, և արդեն 2009թ․ հանգեցինք երկու արձանագրությունների ստորագրմանը։
[…]
Էլ ի՞նչ անել։ Ենթարկվել և ասել՝ այո, եկեք Ադրբեջանին տանք անվտանգության գոտին, իսկ Թուրքիան կբացի սահմանները։ Եվ ինչ հետո՞։ Երեք ամսից, մեկ տարուց, կես տարուց կլինի հակամարտություն, և Թուրքիան կրկին կփակի այն։ Դա մեզնից կախված չէ։ Ես միշտ, գուցե դա ոչ պոպուլյար օրինակ է, ասում եմ, որ ցանկացած հարսանիք պահանջում է երկուսի համաձայնությունը։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, սա այն դեպքը չէ։ Մեզնից այս առումով ոչինչ կախված չէ։
Ազգային գաղափարի մասին
– Ո՞րն է ազգային գաղափարը։ Դառնալ ուժեղ պետություն, ամուր պետություն, չունենալ խնդիրներ ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Ղարաբաղը կլինի Հայաստանի կազմում կամ անկախ պետություն։ Երիտասարդ տղաները կվերադառնան զինանոցներ կամ տուն, և մենք ամեն օր չենք մտածի, թե ինչպես մեղմել զոհված տղաների ծնողների ցավը։
Ես ցանկանում եմ, որ մեր սահմանը Թուրքիայի հետ բացվի։
[…]
Ես ցանկանում եմ, և դա ամենաանիրագործելի երազանքն է, որ բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում․․․