Ծառուկյանը Անթիլիասում․ պատրաստ է շարունակել օգնել սիրիահայերին

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը պատրաստ է շարունակել օժանդակությունը սիրիահայությանը․ այս մասին նա ասել է Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը, Ծառուկյանն ասել է, որ այցի նպատակն է ծանոթանալ այս ուղղությամբ Վեհափառ հայրապետի մոտեցումներին։

2015-ին Գագիկ Ծառուկյանը Կիլիկիո կաթողիկոսությանը 500 հազ․ դոլար էր նվիրաբերել սիրիահայության օժանդակության համար։

Արամ Ա կաթողիկոսը ընդգծել է, որ Սիրիայի հայ համայնքի պահպանումը ամեն իմաստով հրամայական է, սակայն նրանք, ովքեր իրենց կամքով հեռանում են Սիրիայից, պետք է ունենան մեկ հստակ հասցե՝ Հայաստան։

Նա նշել է, որ սիրիահայությանը աջակցության նպատակով Անթիլիասի ներսում ստեղծվել է հիմնադրամ, և Անթիլիաս փոխանցված գումարները փոխանցվել են Հալեպ՝ սիրիահայության շտապօգնության և վերականգնման գործադիր մարմնին։

Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Սիրիայի հայ համայնքի պահպանումը շարունակում է մնալ համազգային առաջնահերթություն։ Նա մեծապես գնահատել է բոլոր օժանդակությունները՝ Հայաստանի պետության և այլ կառույցների կամ անհատների կողմից։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ սիրիահայությանն աջակցելու ցանկությանը՝ Արամ Ա կաթողիկոսն ասել է, որ ակնկալում են՝ մի հատուկ հանձնախումբ կտնօրինի նրա կողմից ստեղծվելիք հիմնադրամի հատկացումները՝ ուղղված թե՛ Սիրիայում ապրող և թե՛ Հայաստանում ու Արցախում հաստատված սիրիահայերին։

Մեկնաբանել