Ինչու է Ալիևը վերադարձել պատերազմական հռետորաբանությանը

Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում անուղղակի կերպով հաստատել է, որ հայկական կողմն է մերժել ղարաբաղյան կարգավորման վերջին առաջարկները, որոնք ասոցացվում են Ռուսաստանի միջնորդական նախաձեռնության հետ:

Հայաստանի առաջնորդը, հիշեցնելով Մինսկի խմբի մշակած երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, պետությունների տարածքային ամբողջականություն և ժողովուրդների հավասարություն ու նրանց ինքնորոշման իրավունք, ընդգծել է, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ շարունակել բանակցությունները, «բայց միայն այդ երեք սկզբունքների հենքով»:

Այսպիսով, Սարգսյանը ավելի քան պարզ հասկացնել է տալիս, որ Ադրբեջանը հավատարիմ չի մնում երեք պայմանավորվածություններից երկուսին, այն է՝ մերժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ժամանակակից Ադրբեջանի սահմաններից դուրս և ռազմական ուժ է կիրառում Արցախի ժողովրդի դեմ:

Հայաստանի առաջնորդը ասել է, որ կողմնակից է Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծմանը, ինչը թույլ կտա արագ արձագանքել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին: «Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և մեր տվյալներով՝ կրակողները ադրբեջանցիներն են: Վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում՝ «կրակում են»։ Նա իսկապես ստուգում է»,- ասել է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ 90-ականներին, երբ ինքը պաշտպանության նախարար էր, նման «թեժ գիծ» ստեղծելու փորձ արդեն եղել է:

Ապրիլյան պատերազմից հետո ռուսական և ադրբեջանական իշխանամերձ փորձագիտական-քաղաքական շրջանակներում շատ էր խոսվում ղարաբաղյան կարգավորման հնարավորությունների՝ Լավրովի պլանի մասին: Ակնհայտ էր, որ ռուսական նախաձեռնությունը՝ տարածքների դիմաց Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, լուրջ շեղում էր բանակցությունների տրամաբանությունից և չէր բխում Հայաստանի և Արցախի շահերից: Ահա այդ պատճառով էր, որ Ադրբեջանը, հույս ունենալով, որ ռուսական նախաձեռնությունը կյանքի կկոչվի, կտրուկ նվազեցրել էր հակահայ և պատերազմական հռետորաբանությունը:

Վերջերս, սակայն, Իլհամ Ալիևը վերադարձավ նախկին ռեժիմին: Այցելելով Ադրբեջան-Արցախ շփման գծի հարավային հատված, որտեղ ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակին հաջողվել էր վերահսկողության տակ առնել Լելե Թեփե կամ Վարազաթումբ բլուրները, նա հայտարարեց, որ «եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»:

«Լելե Թեփեն Ադրբեջան է, Շուշան Ադրբեջան է, Խանքենդին Ադրբեջան է: Մեր հողերի վրա երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն»,- հայտարարեց Ալիևը:

Ուշագրավ ևս մեկ հանգամանք. Ադրբեջան-Արցախ շփման գծի մոտ տարածքում Ադրբեջանը նոյեմբերի 12-18-ը անց է կացնում 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր ամենախոշոր զորավարժությունները, որին մասնակցում են շուրջ 60 հազար զինվորական, 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150 տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ:

Սա ոչ միայն ուժի սպառնալիքի ակնհայտ ցուցադրություն է, այլ պայմանավորվածությունների խախտում: Ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև երկու հանդիպում, որոնց ընթացքում ձեռք բերվեցին նաև տեխնիկական համաձայնություններ: Այսպես, եթե կողմերից որևէ մեկը անց է կացնում զինավարժություն, որում ներգրավված են 9000-ից ավելի զինվորականներ, ապա այդ մասին հակառակ կողմը պետք է տեղեկանա մեկուկես ամիս առաջ:

Բաքուն զորավարժությունների անցկացման մասին տեղյակ չի պահել Երևանին: Հայաստանը արտգործնախարարի մակարդակով դատապարտեց Ադրբեջանի քայլը:

Վերադառնալով բանակցություններին՝ կարող ենք նշել, որ կարգավորման ռուսական նախաձեռնության մերժումից ի վեր Մինսկի խումբը կամ եռանախագահող երկրներից որևէ մեկը նոր առաջարկներ չեն ներկայացրել:

Բանակցային փաստաթղթի բացակայությունը կարող է նշանակել, որ ապրիլյան պատերազմից հետո շփման գծում տիրող հարաբերական կայունությունը դժվար թե շարունակի պահպանվել:

Ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը հանդես գա նոր գաղափարներով, նոր առաջարկներով: Բանակցային հուն վերադարձը, եթե անգամ այն մտնի հերթական փակուղի, նոր Ապրիլյան պատերազմի կանխման կարևոր զսպող գործոններից է: