Նոյեմբերի 16-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, կայացել է Ղրիմում իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձևի քվեարկությունը։ Բանաձևի տեքստում Ռուսաստանը քննադատության է ենթարկվում թերակղզու բնակիչների իրավունքները խախտելու ու խտրական քաղաքականություն վարելու մեջ, այդ թվում՝ թաթարների նկատմամբ։ Հայաստանը, ինչպես և 2014թ․, դեմ է քվեարկել բանաձևին։
Բրիտանական Independent-ը, մեջբերելով հատվածներ բանաձևից, գրում է, որ այն Ռուսաստանին կոչ է անում «անհապաղ դադարեցնել Ղրիմի բնակիչների իրավունքների ոտնահարումը, այդ թվում՝ կամայական ձերբակալությունները, կտտանքներն ու այլ դաժան, անմարդկային կամ նսեմացնող վերաբերմունքը և հետ կանչել խտրական օրենքները»։
Բանաձևը կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել ապօրինի ձերբակալված ուկրաինացիներին և թույլ տալ, որ բոլոր մշակութային և կրոնական հաստատությունները վերաբացվեն։
Բանաձևի օգտին հանդես է եկել 73 պետություն, դեմ՝ 23, ձեռնպահ՝ 76, քվեարկությանը չի մասնակցել 21 պետություն։
ԱՊՀ քվեարկությունը
Նախկին խորհրդայիններից Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը քվեարկել են բանաձևի դեմ (նմանատիպ դիրքորոշում այս պետություններն ընդունել էին նաև նախորդ քվեարկության ժամանակ՝ 2014թ․), ինչպես նաև Ղազախստանն ու Ուզբեկստանը, որոնք այն ժամանակ նախընտրել էին ձեռնպահ մնալ։ Այս անգամ ձեռնպահ են մնացել Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Չեն քվեարկել Թուրքմենստանն ու Ադրբեջանը (2,5 տարի առաջ Բաքուն սատարել էր ուկրաինական դիրքորոշմանը)։ Բանաձի օգտին հանդես են եկել Մոլդովան, Վրաստանն ու բուն Ուկրաինան։
Մոսկվան արձանագրում է «Ղրիմի հարցով դրական դինամիկան»
Ռուսաստանյան մամուլը, մասնավորապես, «Կոմերսանտը», այս անգամվա քվեարկությունում ուժերի դասավորությունը Մոսկվայի համար շատ ավելի բարենպաստ է գնահատել՝ արձանագրելով, որ Ղրիմի հարցով Ռուսաստանը հասել է դրական դինամիկայի։
Թերթը համեմատել է 2014թ․ մարտին՝ Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո, [Ուկրաինան, ինչպես և Արևմուտքը դա որակում են բռնակցում և պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ – ՍիվիլՆեթ], ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկմանն էր դրվել թերակղզում իրավիճակի վերաբերյալ բանաձև (ի աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության), որի օգտին քվեարկել էր 100 պետություն, դեմ՝ 11, 58-ը ձեռնպահ էին մնացել, 24-ը չէին քվեարկել։
Բելառուսի դիրքորոշումը՝ «հարված Ուկրաինայի թիկունքից»
Կիևում Ղրիմի բանաձևի վերաբերյալ քվեարկության արդյունքներին հատուկ նշանակություն են տվել։ Ինչպես հաղորդում է բելառուսական Ежедневник.by կայքը, Ուկրաինայի համար «ամենացավոտը» Բելառուսի դիրքորոշումն էր։ Գերագույն Ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշենկոն իր ելույթում Մինսկի դիրքորոշումը որակել է «հարված Ուկրաինայի թիկունքից», ինչին ի պատասխան Բելառուսը, ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել մեկնաբանությամբ։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը նշել է, որ քվեարկությունը դարձել է լրատվամիջոցներում բազմաթիվ «շահարկումների» առարկա։ Միրոնչիկի խոսքով՝ «Բելառուսի Հանրապետության վերաբերմունքը Ուկրաինայի հարցով ոչ մի յոտայով չի փոխվել»։
«ՄԱԿ-ում մարդու իրավունքների թեմայի քննարկման գործընթացի հարցը միանգամայն այլ հարթությունում է, և, մեր խորին համոզմամբ, ոչ մի առնչություն չունի Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցի հետ»,- հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը՝ ըստ երկրների բանաձևերի մեխանիզմը որակելով «ապակառուցողական և անարդար»։
Հայաստանի անփոփոխ դիրքորոշումն ու հայ-ուկրաինական լարվածությունը
2014թ. մարտի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանը կրկին դեմ էր քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին:
Դրան նախորդել էր [մարտի 19 – ՍիվիլՆեթ] Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որում նա, մասնավորապես, Ղրիմում անցկացված հանրաքվեի մասին ասել էր, որ այն հանդիսանում է «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»։
Երկու օր անց՝ մարտի 21-ին, Ուկրաինան խորհրդակցությունների համար Կիև էր կանչել Հայաստանում իր դեսպանին։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել էր Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային։ Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել էր, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է։
Հայ-ուկրաինական հարաբերություններում մոտ երկու տարվա լարվածությունից հետո օրերս հեռախոսազրույց էր տեղի ունեցել ՀՀ և Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Պետրո Պորոշենկոյի միջև։ ՄԱԿ-ում Ղրիմի վերաբերյալ բանաձևի քննարկումից առաջ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, անդրադարձ է եղել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պորոշենկոն ու Սարգսյանը շեշտել են փոխադարձ պատրաստակամությունը՝ զարգացնելու հարաբերությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Ոկրաինայի նախագահի կայքում նշվում է, որ պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հատկացրել Ուկրաինայի և Հայաստանի միջև փոխգործակցությանը ՄԱԿ-ի շրջանակում։
Ստելլա Մեհրաբեկյան