Հայկական CodeFights ՏՏ սկսնակ ընկերությունը $10 միլիոն է ներգրավել

Հայկական CodeFights սկսնակ ՏՏ ընկերությունը 10 միլիոն դոլար ֆինանսավորում է ստացել ամերիկյան  e.ventures ներդրումային հիմնադրամից, հաղորդում ՏՏ ոլորտի նորությունների techcrunch.com կայքը։

CodeFights-ի հիմնադիր և տնօրեն Տիգրան Սլոյանը կայքին ասել է, որ իրենց ընկերության օգտատերերի բազան տասն անգամ ավելացել է անցյալ տարվա ապրիլից հետո, երբ հայտարարել էին 2,4 միլիոն դոլար նախնական ներդրում ներգրավելու մասին։

CodeFights-ը հարթակ է, որտեղ ծրագրավորողները խաղերի միջոցով մրցում են, չափում ուժերը և ստանում վարկանիշեր, որոնք նրանց համար հավելյալ առավելություն են լինում աշխատանքի դիմելիս: Նախագծի նպատակն է ամբողջ աշխարհից հավաքել լավագույն մասնագետների բազա, կապեր հաստատել մեծ կազմակեպությունների հետ, որոնք կարող են օգտվել այդ բազայից:

Նախագծի հիմնադիրներն են Տիգրան Սլոյանը՝ MIT-ի շրջանավարտ, Google-ի նախկին աշխատակից, որը բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, և Արամ Շատախցյանը՝ Երևանից: Շատախցյանն ասում է, որ ընկերությունների համար հեշտ չէ տաղանդներին բացահայտելը, նույնիսկ նրանց հետ հարցազրույցների ընթացքում: Code Fights-ի հարթակը ծրագրավորողների մասնագիտական որակները բնութագրող վիճակագրական տվյալներ է հավաքում, որոնք շատ արժեքավոր կարող են լինել գործատուների համար:

CodeFights-ը հայաստանյան «Գրանատուս Վենչուրս» ներդրումային հիմնադրամի պորտֆելային ընկերություններից է։ «Գրանատուս Վենչուրսը» CodeFights-ի առաջին ներդրողներից է և մասնակցել է ֆինանսավորման առաջին ռաունդին։

Լուսանկարում՝ CodeFights-ի համահիմնադիր Արամ Շատախցյանը