Սկսվել են ՀՀ-ԵՄ 2017-2020 թթ․ գործընկերության առաջնայնությունների շուրջ խորհրդակցությունները

Հայաստանը կարևորում է իր ներգրավվածությունն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և այսօրվա հանդիպման անցկացումը Երևանում դրա հերթական վկայությունն է․ այս մասին նոյեմբերի 17-ին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ բացելով Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Հայաստանն այս ձևաչափով հանդիպումը հյուրընկալում է երկրորդ անգամ․ նախորդը տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ քննարկումներում անդրադարձել են Ռիգայի գագաթաժողովից հետո Արևելյան գործընկերության շրջանակներում արձանագրված զարգացումներին և ձեռքբերումներին, ներկայացրել են ակնկալիքները՝ 2017թ. կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։

Խոսելով Հայաստան-Երոպական Միություն հարաբերությունների մասին՝ ՀՀ արտգործնախարարը նշել է. «Վերջին երկու տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ անցնող տարվա ընթացքում տեսանելի արդյունքների ենք հասել. կայացել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, և կողմերին հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց»:

Նա հույս է հայտնել, որ շուտով կմեկնարկի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես նաև կսկսվեն բանակցությունները Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ։

Նալբանդյանը տեղեկացրել է, որ սկսվել են Հայաստանի և Եվրոպական Միութան միջև 2017-2020 թթ․ համար գործընկերության առաջնայնությունների շուրջ խորհրդակցությունները։

Բացման և ամփոփիչ խոսքերով հանդես են եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, որոնք կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումները՝ գործընկեր երկրների տեսակետներին և նրանց մտահոգող խնդիրներին ծանոթանալու և համատեղ լուծումներ գտնելու առումով։

Հանդիպման մասնակիցները կարևորել են Ռիգայի հռչակագրում ամրագրված ԵՄ ու գործընկեր երկրների հարաբերությունների զարգացման հիմնական ուղենիշները:

Մասնակիցները համակարծիք են եղել, որ 2017թ. կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, Երևանում թե՛ արտաքին գործերի, և՛ թե գիտության ու նորարարությունների հարցերով նախարարական քննարկումներն իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման գործում:

Մեկնաբանել