Վարչապետը ՏՄՊՊՀ-ին հորդորում է ոչ թե գարեջրի, այլ լայն սպառման ապրանքների շուկան դիտարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին հորդորում է ուշադրության կենտրոնում առաջին հերթին պահել առաջնային սպառման ապրանքների շուկան։

ՏՄՊՊՀ-ն  նոյեմբերի 16-ի նիստում «Երևան գարեջուր» ընկերությանը տուգանել էր 110 մլն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն անհամաձայնություն էր հայտնել այս որոշման հետ և նշել, որ հանձնաժողովի որոշումը կվիճարկվի դատարանում։

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում անդրադառնալով «Երևան գարեջուր» ընկերությանը տուգանելու հարցին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ առաջնային սպառման ապրանքների շուկայի վերաբերյալ հասարակության դժգոհություններն ավելի շատ են։ «Դա շատ ավելի առաջնային խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ, ներմուծողներ, ու կա լուրջ մրցակցություն»,- ասաց վարչապետը։