ՊՆ զորամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դին, հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի գնդացրորդի դին` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով, գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է նոյեմբերի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում։ Իվան Հայրապետյանը նոյեմբերի 17-ից մինչև 18-ը ընդգրկվել էր գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության։

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշենրով։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։