Սերժ Սարգսյա՞նը պիտի ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում բառացիորեն ասել է. «Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից: Չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»։

Քանի դեռ պաշտոնական Բաքուն և Իլհամ Ալիևը հրապարակավ չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններից դուրս, պաշտոնական Երևանի և Սերժ Սարգսյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելու հրապարակային հայտարարությունը որևէ արդարացում չեն կարող ունենալ։

Հայկական կողմը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հրապարակավ կարող է ընդունելի համարել միայն այն դեպքում, եթե դրան հաջորդում է մեկ այլ նախադասություն՝ «բայց չի ճանաչում խորհրդային ժամանակների սահմաններով Ադրբեջանը», որին մաս է կազմել ԼՂԻՄ-ը։

Սա շատ կարևոր վերապահում է, որի մասին չի խոսում Սարգսյանը և խոսում է վիճելի մեկ այլ բանի մասին, այն է՝ «ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին»:

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ավելի քան երկու տասնամյակների ընթացքում միջազգային միջնորդները բազմիցս հայտարարել են, որ իրենց նպատակն է փորձել համատեղել երկու անհամատեղելի՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Այնպես որ, Հայաստանի առաջնորդին վայել չէ նման պարզունակ և անհիմն կերպով մեկնաբանել Հելսինկյան երկու հակասական սկզբունքները:

Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան խնդիրը մի քանի անգամ մոտ է եղել լուծմանը, և տարածքային ամբողջականության սկզբունքը ներառված է եղել փաստաթղթում, սակայն Ադրբեջանը հրաժարվել է այն ստորագրել:

Սա արդեն անտեղյակություն է, եթե չասենք՝ բանակցային գործընթացի պատմության խեղաթյուրված մեկնաբանություն: Սարգսյանը մեկ առ մեկ չի նշում, թե երբ են կողմերը մոտ եղել լուծմանը, հետևաբար՝ մենք ստիպված ենք մեկ առ մեկ նշել միջնորդների ներկայացրած առաջարկները և այն ժամանակները, երբ, իրավամբ, լուծումը անհավատալիորեն մոտ է թվացել:

1997-ի կեսերին Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման փաթեթային տարբերակը, որը, այո՛, անվերապահորեն ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը ընդունեց այդ տարբերակը՝ որպես բանակցությունների հիմք, Հայաստանը ընդունեց խիստ վերապահումներով, Արցախը մերժեց այն:

Տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը ընդունել է այդ տարբերակը, որով ճանաչվել է իր տարածքային ամբողջականությունը և, հակառակը, չի ընդունել Արցախը:

1997-ի դեկտեմբերին Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման փուլային տարբերակը, որտեղ ուղղակի կերպով բառ չկար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ադրբեջանը ընդունեց այդ տարբերակը՝ որպես բանակցությունների հիմք, Հայաստանը ընդունեց խիստ վերապահումներով, Արցախը կրկին մերժեց այն:

1998-ի նոյեմբերին Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման Ընդհանուր պետություն կոչված տարբերակը, որի հենց սկզբում ասվում էր. «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Ադրբեջանը մերժեց այդ տարբերակը՝ որպես բանակցությունների հիմք, Հայաստանը ընդունեց որոշ, իսկ Արցախը՝ խիստ վերապահումներով:

2001-ին Քի Վեսթում կողմերին ներկայացվեց աշխատանքային փաստաթուղթ, որը ոտնահարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները: Այդ փաստաթղթով առաջարկվում էր նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում և Լաչինի նեղ միջանցքով Արցախի միացումը Հայաստանին: Այսինքն՝ Արցախը 1988-ի սահմաններով դառնում էր Հայաստանի մաս: Իհարկե, դրա դիմաց Հայաստանը համաձայնվում էր Մեղրիով սուվերեն միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ, բայց սա այլ թեմա է:

Է՞լ երբ են կողմերը մոտ եղել լուծմանը: Եթե Սերժ Սարգսյանը նկատի ունի Պրահյան գործընթացը և Մադրիդյան փաստաթուղթը, ապա հենց դա միմյանց հակասող՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները հաշտեցնելու, համատեղելու փորձ էր:

Այսօր կարող ենք ասել՝ ձախողված փորձ:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի։

Մեկնաբանել