Թրամփի բիզնես շահերը Բաքվում

ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել էր Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ։ Նա հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ, իր ներդրումը կունենա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում հարցի արդար լուծման գործում։

Երկու շնորհավորանք՝ տասն օրում

Շնորհավորելուց ընդամենը տասն օր անց Ալիևը կրկին զանգահարել է Դոնալդ Թրամփին, և, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կրկին շնորհավորել է Թրամփին և նրան հաջողություններ մաղթել՝ «ընդգծելով Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը»։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ այդ կապերի ամրապնդման համար կա է՛լ ավելի մեծ պոտենցիալ։

APA-ն տեղեկացնում է, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և ասել, որ «շատ բարի խոսքեր է լսել նրա մասին՝ խնդրելով ադրբեջանցի ժողովրդին փոխանցել իր ողջույններն ու լավագույն մաղթանքները»։

Թրամփի գործընկերը՝ կասկածելի հեղինակությամբ գործարար

Իրականում Թրամփի և Ադրբեջանի միջև կապերը նոր չեն։ Ադրբեջանում ԱՄՆ-ի ընտրված նախագահի բիզնես գործընկերն է այդ երկրի տրանսպորտի նախարար Զիյա Մամադովի որդին՝ 35-ամյա Անար Մամադովը, որը, բացի խոշոր գործարար լինելուց, «Ադրբեջան-Ամերիկա դաշինքի» հիմնադիրն է, ԱՄՆ-ում 2012թ․ «Արդարություն Խոջալուին» արշավի կազմակերպիչներից ու առաջնորդներից մեկը։

Սկանդալներում ներքաշված և հետաքննող լրագրողների մշտական թիրախ Անար Մամադովին է պատկանում Բաքվում բացված Trump Towers Baku-ն, որը Դոնալդ Թրամփի անունով աշխարհում գործող հայտնի ցանցի օղակներից մեկն է։

Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Անար Մամադովը Ինստագրամում հրապարակել էր Իվանկա Թրամփի հետ լուսանկար՝ գրելով․

«Իմ սիրելի ընկեր, այս պատմական օրը շնորհավորում եմ քեզ և քո ընտանիքին»։

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Անար Մամադովի խնդրահարույց գործընկերությանը դեռ անցյալ տարվա հուլիսին անդրադարձել էր ամերիկյան հայտնի Mother Jones ամսագիրը իր՝ «Դոնալդ Թրամփը բիզնես է անում ադրբեջանցի հակասական օլիգարխի հետ» իր ծավալուն հոդվածում։

«Դոնալդ Թրամփի անունը կրող շքեղ հյուրանոցները զարդարում են աշխարհի ամենապերճաշուք վայրերը, այդ թվում՝ Նյու Յորքը, Վայկիկին և Ռիոն։ Սակայն կա նաև օտար մեկը՝ Trump Hotel Բաքվում՝ նավթով հարուստ Ադրբեջանի մայրաքաղաքում։ Եվ այս յուրահատուկ գործարքի պատմությունում ներքաշված է ոչ սովորական և հակասական բիզնես գործընկեր՝ 34-ամյա Անար Մամադովը, որն Ադրբեջանի տրանսպորտի նախարարի միլիարդատեր որդին է»,- գրել էր Mother Jones-ը։

Մամադովի արշավը Արևմուտքում

Հոդվածի հեղինակները հղում էին անում մամուլում տեղ գտած հաղորդագրություններին և քննդատներին [շեշտվում էր, որ կովկասյան այդ երկիրը համարվում է աշխարհի ամենակոռումպացված վարչակարգերից մեկը – ՍիվիլՆեթ], որոնց համաձայն՝ Մամադովի հսկայական հարստությունը մասամբ գոյացել է իր հոր քաղաքական կապերի շնորհիվ։ Նրա ունեցվածքը գնահատվում է 1 մլրդ դոլար։

«Մամադովը ծավալել է Արևմուտքում Ադրբեջանի ավազակապետական վարչակարգի հեղինակության բարձրացման արշավ՝ սիրաշահելով Վաշինգտոնի որոշ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներին»,- գրել էր Mother Jones-ը։

«Trump International Hotel & Tower Baku-ն The Trump Organization-ի անփոփոխ գերազանց մակարդակի նմուշ է և գլոբալ զարգացման ամենալավ նախագծերում մեր ներգրավվածության օրինակ»,- Բաքվում բիզնես նախագծի մեկնարկի մասին 2014թ․ ասել էր Դոնալդ Թրամփը՝ խոստանալով 2015թ․ բացվելուց հետո հյուրանոցի այցելուներին և հաճախորդներին առաջարկել «լավագույնը»։

Սակայն, ինչպես իր անունը կրող շատ շինություններ, Բաքվի հյուրանոցի սեփականատերը Դոնալդ Թրամփը չէ, գրում էր թերթը։

Հյուրանոցը կառուցել է «Գարանտ» անունով ընկերությունը, որն էլ պատկանում է Անար Մամադովին։ Թրամփն իր հերթին մեծ եկամուտներ է ստացել նախագծում իր անունը օգտագործելու և փորձը կիսելու համար։

Որպես նախագահի թեկնածու՝ Թրամփի հրապարակած ֆինանսական հաշվետվությունից հայտնի էր դարձել, որ նա ստացել է առնվազն 2,5 մլն դոլար անցյալ տարի Բաքվի հյուրանոցի վրա աշխատելու համար։ Ուշագրավ է, որ Թրամփի խոսնակը չէր արձագանքել Մամադովի հետ նրա բիզնես կապերի մասին հարցին։

Mother Jones-ն ապա անդրադարձել էր Անար Մամադովի գործունեությանը Ամերիկայում և նրա հիմնած «Ադրբեջան-Ամերիկա դաշինքին», որը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը գրանցել է որպես օտարերկրյա լոբբիստական կազմակերպություն, իսկ ամերիկյան Buzzfeed-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ադրբեջանական քարոզչության և լոբբինգի երեք հիմնական ալիքներից մեկն է։

2014թ․կազմակերպությունը ծախսել է ավելի քան 2,8 մլն դոլար Կոնգրեսում և Պետքարտուղարությունում լոբբինգի վրա՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները բարելավելու համար։

Թրամփի կայքից անհետանում է Բաքվի նախագծի վերաբերյալ հղումը

Դոնալդ Թրամփի ադրբեջանական բիզնես նախագծերին այս տարվա հունիսին անդրադարձել էր ամերիկյան մեկ այլ պարբերական՝ Denver Post-ը։ Թերթը ուշադրություն էր հրավիրում այն փաստին, որ նախագահական մրցավազքի մեջ մտնելուց վեց ամիս առաջ Թրամփը ազդարարել էր Բաքվում նոր նախագծի մեկնարկը, սակայն դրանից 18 ամիս անց և այն բանից հետո, երբ նրա դուստր Իվանկա Թրամփը հրապարակել էր գրեթե ավարտված նախագծի տեսանյութը, Թրամփի կայքից անհետացել է Բաքվի նախագծի հղումն ու հիշատակումը։ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Ալան Գարթենը Associated Press-ին ասել է, որ նախագիծը կասեցվում է տնտեսական պատճառներով։

«Թրամփը հաճախ խոսում է լավագույն կադրերին վարձելու և իրեն այնպիսի մարդկանցով շրջապատելու մասին, որոնց կարող է վստահել։ Իրականում, այդուհանդերձ, Թրամփն ու նրա թիմի ղեկավար անձինք կարծես հաճախ անտեսում են բիզնես գործընկերների կենսագրության մանրամասները՝ արդյոք ունեն կասկածելի կապեր, մեղադրվում են հանցագործություններում կամ կանգնել են արտահանձնման վտանգի առաջ»,- գրել է Denver Post-ը։

Պարբերականը մեջբերել է Գարթենին, թե ընկերությունը շատ մանրախնդիր կերպով ուսումնասիրել էր ադրբեջանցի գործընկերներին, սակայն չէր հետաքննել Բաքվի գործարքում գործընկերոջ հոր դեմ մեղադրանքները, քանի որ նա որպես կողմ ներգրավված չէր։

Գարթենի խոսքով՝ «ինքը երբեք չէր լսել», որ Անար Մամադովի նախարար հայրը՝ Զիյա Մամադովը, մեղադրվում է իրանական փողերի լվացման մեջ, ինչը հայտնի է դարձել ամերիկյան դիվանագիտական խողովակներով արտահոսքի արդյունքում։

«Ցանկացած ամերիկացի, որը մտորում է Ադրբեջանում բիզնես ձեռնարկի մասին, կանգնած է ռիսկի առաջ՝ Պետքարտուղարության ձևակերպմամբ՝ «համատարած կոռուպցիա»,- արձանագրել են հոդվածագիրները՝ շեշտելով, որ այդ փողերի մեծ մասը հոսում է նավթի և գազի արդյունաբերությունից, սակայն Պետքարտուղարությունը նաև համարում է, որ երկիրը երթուղային կետ է ահաբեկչության հովանավորների, Իրանի դեմ պատժամիջոցները խախտողների և աֆղանացի նարկոբարոնների համար։

ԱՄՆ և Հարավային Կովկաս

Թրամփի բիզնես շահերը կարող են դեր խաղալ Ադրբեջանում նրա կարգավիճակի հարցում, սակայն անհավանական է, որ դա կարող է շատ կարևոր գործոն լինել, կարծում է Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Գելա Վասաձեն։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ հրապարակված հոդվածում փորձագետը վերլուծել էր Հանրապետական Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի և Հարավային Կովկասի միջև հարաբերությունների հեռանկարները։

«ԱՄՆ-ի պես երկրի արտաքին քաղաքականությունը որոշվում է քաղաքական մակարդակում ինստիտուտների կողմից և ոչ նախագահի անձնական շահերից ելնելով։ Այլ հարց է, որ Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ ունեն երկարաժամկետ շահեր և կապեր Ադրբեջանում։ Պատահական չէ, որ ամերիկյան «Ադրբեջանի բարեկամների խմբի» անդամների մեծ մասը Հանրապետական կուսակցությունից են։

Ինչ վերաբերում է Քլինթոնին, ապա, ի տարբերություն Թրամփի, նա ունի երկար տարիների շփումներ ԱՄՆ-ում հայկական համայնքի հետ, չնայած նա էլ ընդունում է տարածաշրջանում էներգետիկ նախագծերի կարևորությունն ու հասկանում է Ադրբեջանի դերն այս գործընթացում»,- կարծում է փորձագետը։

Վասաձեն միամիտ է որակել «Ո՞վ է ավելի լավ Հարավային Կովկասի համար՝ Թրա՞մփը, թե՞ Քլինթոնը» հարցադրումը և ոչ այն պատճառով, որ դա կախված է նրանից, թե որ երկրի մասին է խոսքը։

«ԱՄՆ-ն արդեն տասնամյակներ է՝ աշխատում է հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների ուղղությամբ։ Եվ եթե անգամ մոտեցման ոճը փոխվի, հարաբերությունների հիմքը դժվար փոփոխության ենթարկվի»,- եզրակացություն է արել Գելա Վասաձեն։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել