Ուկրաինայում մտածում են Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու մասին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի շրջապատում դիտարկվել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու հարցը․ այնտեղ նրա դեմ քրեական գործեր են հարուցված․ այս մասին ուկրաինական «Պրավդա»-ին ասել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։   

Թերթի զրուցակցի խոսքով՝ Սաակաշվիլիին չեն կարող զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից [Ուկրաինան, միջազգային պարտավորությունների համաձայն, չի կարող քաղաքացիությունից զրկել անձի, որը չունի այլ երկրի քաղաքացիություն – խմբ․], այդ պատճառով այժմ նրան երկրից արտաքսելու համար դիտարկվում է վրացական կողմին արտահանձնելու հարցը։ 

Նոյեմբերի 7-ին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին՝ մեղադրելով Պետրո Պորոշենկոյին և նրա շրջապատին կոռուպցիայի մեջ։ Սաակաշվիլին խոստացել է Ուկրաինայում ստեղծել նոր քաղաքական ուժ և պայքարել կոռուպցիայի դեմ։ Օրերս իր հարցազրույցներից մեկում Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե Ուկրաինան շարունակի ներկայիս կառավարության ուղեգիծը, կարող է դադարեցնել իր գոյությունը։