Թրամփի խորհրդականը հազարավոր դոլարներ է ստացել ի շահ Էրդողանի լոբբինգի

Ամերիկյան The Intercept պարբերականը հոդված է հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինի ընկերությունը տասնյակ հազարավոր դոլարներ է ստացել մի թուրք հաճախորդից լոբբիստական գործունեության համար։ Լոբբիստական գործունեության նպատակներից մեկն է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, Փենսիլվանիայում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը Թուրքիային։

Դոնալդ Թրամփը շարունակաբար խոստացել էր «չորացնել վաշինգտոնյան կոռուպցիայի ճահիճը», գրում է հոդվածի հեղինակ Մաթաթիաս Շվարցը (Mattathias Schwartz)՝ ընդգծելով, որ արդեն ընտրվելուց հետո Թրամփի՝ նախագահի պաշտոնի անցումային թիմը չորեքշաբթի հայտարարել է, որ նախագահի վարչակազմում ընդգրկվելիք նոր աշխատակիցները պետք է խզեն իրենց լոբբիստական կապերը և պարտավորվեն վարչակազմից դուրս գալուց հետո ևս հինգ տարի չզբաղվել լոբբիստական գործունեությամբ։

Հոդվածի հեղինակը գրում է, որ Թրամփի՝ լոբբիստների նկատմամբ հակակրանքը չի խանգարում նրա ամենամերձավոր աջակիցներից մեկին և խորհրդականին՝ գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինին (Michael Flynn),- որը նախագահի պաշտոնը ստանձնելու անցումային թիմի ղեկավարի տեղակալն է և, ըստ լուրերի, նշանակվելու է նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական,- առնչվելու լոբբիստական գործունեությանը։

Թեև Ֆլինն անձամբ լոբբիստ չէ, սակայն նրա Flynn Intel Group ընկերությունը Կոնգրեսում գրանցված է որպես լոբբիստական կազմակերպություն և իր աշխատակազմում ունի գրանցված լոբբիստներ։ Flynn Intel Group-ի հաճախորդներից է թուրք գործարար Քամիլ Էքիմ Ալփթեքինը, որն ունի անշարժ գույքի, ավիահաղորդակցության և խորհրդատվական շահեր։ Նա The Intercept-ին հինգշաբթի ասել է, որ իր ընկերություններից մեկը՝ Inovo BV-ն, Ֆլինի ընկերությանը «տասնյակ հազարավոր դոլարներ» է վճարել միջազգային գործերի վերլուծության համար։ Ընտրությունների օրը Ֆլինը The Hill պարբերականում հոդված է հրապարակել՝ հայցելով ԱՄՆ աջակցությունը Թուրքիային արտահանձնելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ոխերիմ հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է Փենսիլվանիայում։ «Թուրքիայի տեսանկյունից՝ Վաշինգտոնն իր հարկի տակ է պահում Թուրքիայի Ուսամա Բեն Լադենին»,- նոյեմբերի 8-ին գրել է Ֆլինը։

Ֆլինը հայտարարել է, որ կապերը կխզի իր ընկերության հետ, եթե մտնի Թրամփի աշխատակազմ։ Նա չի ասել, թե արդյոք փակելու է այդ բիզնեսը, որում իր որդին աշխատակազմի ղեկավարն է, և արդյոք բացահայտելու է ընկերության որևէ հաճախորդի։

Թուրք գործարար Ալփթեքինը հայտարարել է, որ համաձայն է Ֆլինի գրածի հետ, բայց որևէ ազդեցություն չունի նրա տեսակետի վրա․ «Աշխարհում որևէ փող չկա, որ կարող էր հարկադրել գեներալ Ֆլինին, որը հավակնում է նախագահի աշխատակազմում պաշտոնի, կամ որևէ ուրիշի, ընտրությունների օրը գրելու այդ հոդվածը։ Կարծում եմ՝ անգամ միլիարդ դոլարով նա չէր անի դա»։

Flynn Intel Group-ի և Ալփթեքինի Inovo BV ընկերության կապերին անդրադարձել էին նաև The Daily Caller և Politico պարբերականները։ Flynn Intel Group-ի գլխավոր խորհրդական Ռոբերտ Քելին (Robert Kelley), որը եղել է Inovo-ի հարցերով հիմնական զբաղվողը, Politico-ին ասել է, որ ընկերության պարտականություններից է եղել «ներկա իրավիճակի, նախագահ Օբամայից ընտրված նախագահ Թրամփին իշխանությունը փոխանցելու մասին զեկուցելը»։

Իսկ Ալփթեքինն ասել է՝ դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում․ «Մենք երբևէ խոսակցություն չենք ունեցել այդ հարցի շուրջ»

Նա The Intercept-ին ասել է, որ իրենք Flynn Intel Group-ին վարձել են երեք ամիս առաջ, և ինքը տեղյակ է եղել Ֆլինի՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին, սակայն դա կապ չունի այդ ընկերության հաճախորդը դառնալու իր որոշման հետ․ «Դա ավելի շատ նրա բարի համբավի և նրա՝ պատերազմի հերոս լինելու համար էր, որը քաջատեղյակ է տարածաշրջանին։ Ես նրա հետ անմիջականորեն չեմ աշխատել։ Ես երբևե նրա հետ ուղղակիորեն չեմ քննարկել [ընտրությունների օրը] նրա հրապարակած հոդվածը։ Ես չեմ ստորագրել այդ հովդածի տակ»։

Ու թեև Ալփթեքինն ասում է, որ վճարումները լոբբինգ անելու համար չէին, Flynn Intel Group-ը գրանցված է որպես Inovo BV ընկերության լոբբիստ, իսկ Inovo BV-ն պատկանում է Ալփթեքինին։

Flynn Intel Group-ը մինչև սեպտեմբեր գրանցված չի եղել որպես լոբբիստական կազմակերպություն։ Այդ ամիս՝ Քելին՝ ընկերության գլխավոր խորհրդականը, գրանցվել է որպես լոբբիստ Inovo BV-ի համար։ (Երրորդ գրանցումը՝ հոկտեմբերի վերջին, հաստատում է, որ կառավարության հետ կապեր ունեցող SGR LLC անունով ընկերությունը Կոնգրեսում լոբբինգ է իրականացնում Flynn Intel Group-ի անունից):

2016-ին ավելի վաղ Քելիի իրավաբանական գրասենյակի կողմից արդարադատության նախարարությունում կատարած գրանցումներում նա հանդես է գալիս որպես «Ազգային համախմբման ուժերի» գործակալ։ «Ազգային համախմբման ուժերը» ռազմական խմբավորում է, որը վերապատրաստվում է Թուրքիայի կառավարության կողմից, և որի ղեկավարը Նինվեի նախկին նահանգապետն է։ Գրանցումները ցույց են տալիս, որ Քելին ընդհանուր ստացել է 90 հազար դոլար իրաքյան այս խմբավորումից և արդեն հունիսին խզել է իր կապերը։

Թուրքիայի քաղաքացի, գործարար Քամիլ Էքիմ Ալփթեքինը, որը 2003-ին Կապիտոլիումի բլրում է եղել որպես Կոնգրեսի աշխատակից, Flynn Intel Group-ի հաճախորդն էր։ Նա ասել է, որ գեներալ Ֆլինին մի քանի անգամ հանդիպել է, բայց նրան լավ չի ճանաչում։

«Պարոն Ֆլինը ինձ հետ կնքված պայմանագրով չի աշխատում։ Պարոն Բոբ Քելին է աշխատում»,- ասել է թուրք գործարարը։

Մինչ այժմ ո՛չ Ֆլինը, ո՛չ Թրամփի անցումային թիմը չեն պատասխանել The Intercept-ի՝ իրենց ուղղված հարցումներին։ Հինգշաբթի կատարած հեռախոսազանգին Քելին կարդացել է երեք նախադասությունից բաղկացած հայտարարություն, որը, ըստ նրա, պատրաստվել էր Ֆլինի կողմից։ «Մեր խորհուրդը, Բոբ Քելին գրանցված են օրենքին համապատասխան, որպեսզի ներկայացնեն մասնավոր ընկերության շահերը։ Եթե ես վերադառնամ կառավարական աշխատանքի, իմ հարաբերությունը կխզվի ըստ այն քաղաքականության, որ հռչակել է ընտրված նախագահ Թրամփը»,- ասված է հայտարարությունում։

Քելին հրաժարվել է ասել, թե արդյոք Flynn Intel Group-ը օտարերկրյա որևէ կառավարության հաճախորդների հետ կապ ունեցել է, թե ոչ։ Նա հրաժարվել է պատասխանել նաև հարցին, թե արդյոք Ֆլինի որդին՝ Մայքլը, որն ընկերության աշխատակազմի ղեկավարն է, շարունակելու է իր դերակատարությունն ընկերությունում, եթե նրա հայրն աշխատանքի անցնի Սպիտակ տանը։

«Ես չեմ կարող ասել ավելին, ինչ ասացի»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Լուսանկարը՝ npr.org-ից

Մեկնաբանել