«Չկառչե՛լ ԵՄ գաղափարից»․ Էրդողանը հայացքը թեքում է դեպի Արևելք

Անկարան մտորում է Համագործակցության Շանհայի կազմակերպությանը միանալու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Համագործակցության Շանհայի կազմակերպությանը (ՀՇԿ) միանալը այլընտրանք է համարում Եվրամիությանն անդամակցությանը։

«Թուրքիան չպետք է կառչած մնա Եվրամիության անդամակցության գաղափարից և ուսումնասիրի այլ հնարավորություններ ևս, ինչպես օրինակ՝ Շանհայի համաձայնագիրը,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Պակիստանի և Ուզբեկստանից վերադարձի ճանապարհին լրագրողներին ասել է Էրդողանը։- Ինձ կարող են քննադատել, սակայն ես իմ կարծիքն եմ հայտնում։ Օրինակ, ես ասում եմ՝ ինչո՞ւ Թուրքիան չպետք է լինի Շանհայի հնգյակում»։

Էրդողանը տեղեկացրել է, որ հարցն արդեն քննարկել է ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ։

«ՀՇԿ-ն հիմնադրվել է հինգ անդամների կողմից, սակայն հետո Ուզբեկստանը, Պակիստանն ու Հնդկաստանը նույնպես ներառվել են դրանում»,- նշել է Թուրքիայի ղեկավարը՝ հավելելով, որ Իրանը նույնպես ներգրավվելու ցանկություն ունի, և «Պուտինը գնահատում է իրավիճակը»։

««Շանհայ 5»-ի մաս լինելը Թուրքիային հնարավորություն կտա ավելի ազատ գործել ԵՄ-ին անդամակցության գործընթացում»,- շեշտել է Էրդողանը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ 2017թ․ Թուրքիայում կարող է հանրաքվե անցկացվել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները շարունակելու հարցով։ Բացի այդ, Թուրքիայում, կրկին Էրդողանի նախաձեռնությամբ, դիտարկվում է մահապատիժը վերականգնելու հարցը։ Պատժի այդ միջոցը Թուրքիայում վերացվել էր 2004թ․՝ որպես ԵՄ-ին անդամակցության առանցքային նախապայման։

Թուրքիան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել 1987թ․, բանակցությունները սկսվել են 2005թ․։

Էրդողանի խոսքով՝ Միությունը Թուրքիային «սպասեցնում է արդեն 53 տարի»։

«Ինչպե՞ս կարող է դա պատահել»,- հարցադրում է արել Էրդողանը՝ բողոքելով, որ իր վարչապետության առաջին տարիներին իրեն հրավիրում էին ԵՄ առաջնորդների գագաթաժողովներին, հետո դադարել են դա անելուց, քանի որ իրենք «ասում էին ամեն ինչ ինչպես կա»։

Թուրքիայի և Բրյուսելի հարաբերությունները վերջին շրջանում բավական սրված են, մասնավորապես, միգրացիոն ճգնաժամով և հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձով պայմանավորված։

Բրյուսելը խիստ քննադատության է ենթարկում Թուրքիային համատարած ձերբակալությունների և մարդու իրավունքների խախտման համար։ Անկարան իր հերթին ԵՄ դաշնակիցներին մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի [Անկարան նրան մեղադրում է հեղաշրջամ փորձ իրականացնելու մեջ – ՍիվիլՆեթ] հետևորդների դեմ պայքարում ոչ բավարար օգնություն տրամադրելու մեջ։

Այս Թուրքիան շատ ավելի մեծ ընդհանրություններ ունի պուտինյան Ռուսաստանի կամ նազարբաևյան Ղազախստանի հետ

Կարո՞ղ է արդյոք ՀՇԿ-ն այլընտրանք լինել Եվրամիությանը․ Hurriyed Daily News-ի իր սյունակում հարցադրում է անում լրագրող, սյունակագիր Յուսուֆ Քանլըն։ Նա արձանագրում է, որ այդ երկուսը տարբեր աշխարհներ են։

Քանլըն փաստում է, որ հատկապես վերջին տասը տարիներին Թուրքիան հեռանում է այն նորմերից, արժեքներից, սկզբունքներից, ինչպես նաև ինստիտուտներից, որոնք անհրաժեշտ են և անօտարելի են ժողովրդավարական կառավարումից և բացարձակ հրամայական են ազգերի արևմտյան ժողովրդավարական ակումբին անդամակցելու համար։

Նա եզրակացնում է, որ եթե սահմանադրական փոփոխությունները հավանության արժանանան հաջորդ տարի, Թուրքիան կթևակոխի է՛լ ավելի ավտոկրատ կառավարման շրջան։

«Ակնհայտ է, որ նման Թուրքիան շատ ավելի մեծ ընդհանրություններ կունենա պուտինյան Ռուսաստանի կամ նազարբաևյան Ղազախստանի, քան ԵՄ անդամներից որևէ մեկի հետ։ Եվ հնարավոր է՝ Անկարայի համար ավելի իմաստուն կլինի դադարեցնել մի կողմից մյուսը ճոճվելը, չմտահոգվել ռելսերից դուրս ընկնելու մասին, վերջ դնել պարբերական ստին և կանգնել նոր ուղու վրա»,- գրում է Քանլըն։

«Արդյոք այդ ուղղությամբ Թուրքիային որևէ բան սպասո՞ւմ է։ Ինչի՞ կհասնի Թուրքիան՝ հրաժարվելով իր մոտ 200-ամյա արևմտականացման գործընթացից և թեքվելով դեպի Արևելք»,- հարցադրում է անում սյունակագիրը։

Նրա կարծիքով՝ Էրդողանի առաջարկներն իսկապես ահավոր են Թուրքիայի Հանրապետության հայրերի աշխարհիկ, ժողովրդավարական հանրապետության նախագծի տեսանկյունից, սակայն ակնհայտորեն Թուրքիայում արագորեն սկսվում է այսպես կոչված երկրորդ հանրապետության դարաշրջանը։

Համագործակցության Շանհայի կազմակերպության մասին

Հիմնադրվել է 2001թ․ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից։ Ուզբեկստանից բացի, մյուս երկրները հանդիսանում են «Շանհայի հնգյակի» մասնակից։

2015թ․ հայտարարվել է կազմակերպությանը Հնդկաստանի և Պակիստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։

2013թ․ Թուրքիան կազմակերպության «երկխոսության գորընկերոջ» կարգավիճակ է ստացել:

2016թ․ ապրիլին ՀՇԿ «երկխոսության գորընկերոջ» կարգավիճակ է ստացել Հայաստանը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել