Տարոն Մարգարյանը «համեստ Ամանոր» է պահանջում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պահանջել է մշակել Ամանորի միջոցառումների համեստ ծրագիր։

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր:

Քաղաքապետը հստակ պահանջ է դրել՝ ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:

«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա: Ամանորի տոնական միջոցառումները ևս այդ շարքում էին և, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման ծրագիր:

Նաև նկատի ունեցեք, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահենք սոցիալական ուղղվածության ծրագրերը»,- ասել է Տարոն Մարգարյանը։

Նա հանձնարարել է ծրագիրն ամբողջացնելուց հետո այն ներկայացնել հանրությանը:

2014թ․ Երևանում ամանորյա միջոցառումների անցկացման համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 48 մլն դրամ։ 2015թ․ նախատեսված է եղել 40 մլն դրամ։ Տարոն Մարգարյանն անցյալ տարի Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ դիմել են բարերարներին, որպեսզի բոլոր ծախսերը իրականացնեն նրանք։ «Եթե բարերարների կողմից տրված գումարները չբավարարեն, ապա նոր կծախսենք բյուջեից»,- ասել էր նա։

Մեկնաբանել