Թուրքիայում ձերբակալվել են քուրդ քաղաքապետեր

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի հարավ-արևելքում գտնվող Մարդին քաղաքի քաղաքապետ Ահմեթ Թյուրքին, ինչպես նաև Մարդինի շրջաններից մեկի՝ Արթուքլուի քաղաքապետ Էմին Իրմաքին։ Ինչպես հաղորդում են թուրքական Anadolu գործակալությունն ու Daily Sabah թերթը, քաղաքապետերը ձերբակալվել են ահաբեկչական օպերացիայի շրջանակում՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով։

Հաղորդվում է, որ պաշտոնյաներն ավելի վաղ պաշտոնաթող են արվել և փոխարինվել ներքին գործերի նախարարության պաշտոնյաներով։

Թուրքական NTV-ն փոխանցում է, որ Մարդինի քաղաքապետարանում խուզարկություններ են ընթանում։

74-ամյա Ահմեթ Թյուրքը քուրդ փորձառու քաղաքական գործիչ է, որը նախկինում գլխավորել է Թուրքիայի քրդամետ Դեմոկրատական հասարակության կուսակցությունը, եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ։ 2009թ․ դեկտեմբերին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել կուսակցությունն արգելելու վերաբերյալ՝ կառույցը մեղադրելով PKK-ի հետ կապեր ունենալու մեջ։ 2014թ․ Ահմեթ Թյուրքը պաշտոնապես անդամակցել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), որի մեկ տասնյակից ավելի անդամներ, այդ թվում՝ երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղն ավելի վաղ նույնպես ձերբակալվել էին։

Քրդական կուսակցության դեմ հետապնդումները ուղեկցվում են հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսված զանգվածային ձերբակալություններով, որոնց զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ։

Reuters-ի տվյալներով՝ ավելի քան 110 հազ․ մարդ հեռացվել է աշխատանքից պաշտպանության, քաղծառայության, դատական և այլ համակարգերում, 36 հազ․ մարդ ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո մեկնարկած հետաքննության շրջանակում։

Մեր պապերը մասնակցել են հայերի ջարդերին. Թյուրք

Ահմեթ Թյուրքը քուրդ այն գործիչներից է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունում քրդերի մասնակցության փաստն ու պաշտոնապես ներողություն խնդրել։

2014թ․ վերջին Ստոկհոլմում կոնֆերանսի ժամանակ Թյուրքը ներողություն էր խնդրել ասորիներից, հայերից և եզդիներից:

«Ասորիները, հայերն ու եզդիները Քրդստանի իրական տերերն են: Քրդստանը որքան քրդերի, այնքան էլ նրանց հողն է: 1911թ. «Միություն և առաջադիմություն» կուսակցության երեք առաջնորդները ճակատագրական որոշում ընդունեցին` ոչ մուսուլմանների թիվը նվազեցնելու, ալևիներին սուննի դարձնելու, քրդերին` ձուլելու վերաբերյալ: Ընդունված որոշումը կիրառվեց Թուրքիայի Հանրապետության պատմության ողջ ընթացքում, և այդ միտումը շարունակվում է մինչև օրս:

1914-1915թ. պետության վերոնշյալ որոշումը իրականացնելու ժամանակ, ցավոք, քուրդ ժողովուրդը իսլամի անվան տակ օգտագործվեց որպես պարզ գործիք: Մեր պապերի, հայրերի իրագործած կոտորածների ցավն այսօր մենք ենք ապրում` որպես նրանց թոռներ ու որդիներ: Երբեք ու երբեք չենք մոռանա մեր եղբայրական ժողովուրդների ցավը: Այն երբեք չպետք է մոռանալ: Ուզում ենք, որ ասորի և հայ ժողովուրդները և մեր եզդի եղբայրները ներեն մեզ»,- հայտարարել էր Թյուրքը:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել