Ջեյմս Ուորլիքն աշխատանքի է անցնում ռուսական ընկերությունում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կթողնի համանախագահի իր պաշտոնը և կգործակցի ռուսական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» իրավաբանական ընկերության հետ։ Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում։

«Ես կթողնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին։ Ինձ համար պատիվ է եղել աշխատել Պետդեպում ավելի քան 30 տարի»,- գրել է Ուորլիքը։

Մեկ այլ թվիթում նա նշել է․ «Ես կգործակցեմ Ռուսաստանի ամենամեծ և ամենահեղինակավոր իրավաբանական ընկերության հետ»։

«Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ»-ի հաղորդագրության համաձայն՝ Ջեյմս Ուորլիքը ընկերության Վաշինգտոնի թիմին կմիանա 2017թ․ հունվարին։ Նա պատասխանատու կլինի ԱՄՆ-ի և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, ռազմավարական հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման, օրենսդրության և հանրային քաղաքականության համար։

Ուորլիքը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է 2013թ․ սեպտեմբերից։

«Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» իրավաբանական բյուրոն ստեղծվել է 1993թ․։ Համաձայն ընկերության կայքի՝ այն խոշորագույն իրավաբանական ընկերությունն է ԱՊՀ-ում, որը գրասենյակներ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և ասոցացված գրասենյակներ՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։

Մեկնաբանել