Թրամփը իմ տեսած նախագահներից ամենաեզակին է մեկ առումով․ Քիսինջեր

 

Պետք չէ Դոնալդ Թրամփից ակնկալել, որ նա կկատարի քարոզարշավի ժամանակ տված իր բոլոր խոստումները․ CNN-ի Ֆարիդ Զաքարիային տված հարցազրույցում ԱՄՆ-ի ընտրված նախագահի հետ հանդիպման մասին իր տպավորություններն է կիսել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

«Պետք չէ կառչել Թրամփի նախընտրական խոստումներից»,- ասել է Քիսինջերը՝ պնդելով, որ անարդյունավետ է նախագահական վարչակազմերից պահանջել բացարձակ հետևողականություն, հատկապես, հաշվի առնելով փոփոխվող միջազգային իրողությունները։

Գնահատելով Թրամփին՝ Քիսինջերն ասել է․ «Այս ընտրված նախագահը իմ տեսած ամենաեզակի նախագահն է մեկ առումով՝ նա ազատ է բեռից, չունի որևէ կապվածություն որևէ առանձին խմբի հետ, քանի որ նախագահ է դարձել իր սեփական ռազմավարության հիման վրա»։

Քիսինջերը կարծում է, որ պետք է Դոնալդ Թրամփին տալ «դրական նպատակներին հասնելու հնարավորություն»։

«Մենք տասնամյակներ շարունակ մաս-մաս ենք արել գործող վարչակազմերը։ Եվ դա կարող է տեղի ունենալ նաև այս անգամ, սակայն պետք չէ դրանից սկսել»,- եզրափակել է նախկին պետքարտուղարը։

Հենրի Քիսինջերի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին Նյու Յորքում։ Ինչպես հաղորդվում է, հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների հետ հարաբերությունները։ Արտաքին քաղաքական հարցերով խորհրդատվության նպատակով Թրամփը Քիսինջերին դիմել էր նաև իր քարոզարշավի ժամանակ։