Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 0.4%։ Վարչապետը խոստովանում է, որ պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) նախօրեին ամփոփոել է 2016թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 100.4 է։ Սա նշանակում է, որ տարվա առաջին տասն ամիսներին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0.4%-ով։ 2016թ․ հոկտեմբերին՝ 2015թ․ հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով, իսկ 2016թ․ սեպտեմբերի համեմատ՝ 18.7%-ով։
«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը թերթի այսօրվա համարում նկատում է, որ 0.4% տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Ըստ նրա՝ 2016թ․ հունվար-հոկտեմբերյան 0.4%-ն ամենացածր ցուցանիշն է ոչ միայն ընթացիկ տարում, այլև այս ցուցանիշի ներդրման տարվանից՝ 2011-ից ի վեր։ «Սա ցույց է տալիս իրական վիճակը։ Այն, ինչի մասին խոսում էր վարչապետը, երբ նշում էր, որ տնտեսության վիճակը շատ վատ է»,- նշել է Բաբկեն Թունյանը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա համար բյուջեի հիմքում դրված է 2.2% տնտեսական աճի կանխատեսումը, սակայն դատելով այս ցուցանիշներից՝ տարեվերջին աճը կարող է շատ ավելի ցածր լինել։
Տնտեսական մեկնաբանը այս ցուցանիշների մեջ զարմանալի մի հանգամանք էլ է նկատել։ «Ստացվում է՝ պաշտոնական վիճակագրությունը, ի տարբերություն նախկինի, չի «դզում-փչում» թվերը և ներկայացնում է դառն իրականությունը։ [․․․] Միգուցե իշխանությունն իրոք հասկացել է, որ խնդիրները լուծելու համար նախ անհրաժեշտ է ընդունել դրանց գոյությունը»,- գրել է Թունյանը։
ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներին է անդրադարձել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ Հայաստանի տնտեսությունը ազատ անկման մեջ է, և կարծեսիրականանում են ամենամռայլ կանխատեսումներն այն մասին, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճ չի գրանցվի․ «Իսկ եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, իրավիճակը կլինի այնպիսին, որ նույնիսկ պաշտոնական վիճակագիրները չեն կարողանա նկարել տնտեսական աճի ցուցանիշ»։
Գևորգյանի խոսքով՝ «անշուշտ, ներկայիս անմխիթար վիճակի վրա ազդեցություն ունեն թե՛ ապրիլյան պատերազմը և թե՛ ՊՊԾ գնդի գրավումը»։ «Ապրիլյան ռազմական թեժ գործողությունները բնականաբար խաթարել են օտարերկրյա ներդրումների հոսքը»,- գրել է նա՝ հավելելով, որ տեսականորեն հնարավոր է՝ եթե չլինեին ապրիլյան մարտական գործողութունները, ապա ներդրումները կարող էին և աճել, բայց դա միայն տեսականորեն։ Գործնականում, տնտեսական մեկնաբանի խոսքով, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների հոսքը նվազում է արդեն երկու տարի անընդմեջ, ինչը թերևս պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հետ․ «Համենայն դեպս օտարերկրյա ներդրումների նվազումը և մեր անդամակցումը ԵՏՄ-ին ժամանակային առումով գրեթե համընկնում են»։
ՏԱՑ-ը տնտեսական աճի կամ ինչպես ասում են՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշը չէ, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ՏԱՑ-ի ցուցանիշը գրեթե ամբողջությամբ համընկնում է ՀՆԱ-ի ցուցանիշին, նկատում է Հայկ Գևորգյանը։
Նախօրեին Bloomberg գործակալության հետ հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ դոլար, իսկ ՀՆԱ-ն 10 մլրդ դոլար է․ «2017թ․ նախատեսվող 3.2% տնտեսական աճը բավարար չի լինի կյանքի մակարդակը շոշափելիորեն բարձրացնելու համար»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն, ավելի արագ է աճում, քան եկամուտները: