Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը լուրջ խնդիր է դառնում։ Հայաստանը գնում է ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրներ այն դեպքում, երբ Ադրբեջանը գնում է «կամիկաձե»-անօդաչուներ Իսրայելից և բանակցություններ է վարում Պակիստանից բարձր տեխնոլոգիական սպառազինությունների տեսակների գնման շուրջ, գրում է Bloomberg-ը։ Ամերիկյան գործակալությունը հավելում է, որ այս ամենը տեղի է ունենում ընդամենը յոթ ամիս անց վերջին երկու տասնամյակում հակամարտության ամենալուրջ սրացումից ի վեր։
Բրիտանական Chatham House հետազոտական կենտրոնի փորձագետների և Bloomberg գործակալության տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքն ուժգնանում է։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է սպառազինությունների մրցավազքն էլ ավելի լրջանում։ Իսկ սա նշանակում է, որ ապագայում բախումների հավանականությունը մեծանում է»,- Bloomberg-ի հետ զրույցում ասել է Chatham House-ի փորձագետ Զաուր Շիրիևը։
Գործակալության տվյալներով՝ երկու երկրները ռազմական ծախսերի վրա վերջին տասը տարում ընդհանուր առմամբ ծախսել են $27 մլրդ։ Bloomberg-ը նշում է, որ սպառազինությունների վրա արված ծախսերի ծավալով առաջատարն Ադրբեջանն է, որը «իր նավթային պաշարները փաստացի փոխակերպում է ռազմական հզորության»։ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանը տասը տարվա ընթացքում սպառազինությունների գնման համար ծախսել է $22.7 մլրդ՝ դառնալով ռազմական տեխնիկայի խոշորագույն ներկրողը Եվրոպայում։ Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեն, Bloomberg-ի տվյալներով, գերազանցում է Հայաստանի ամբողջ պետական բյուջեն։
Գործակալությունը նշում է՝ այն, որ սպառազինությունների մրցավազքն իրապես հրահրում է մարտական գործողությունների բռնկումներ, ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները։ Ադրբեջանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ կիրառեց «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր՝ հագեցած պայթուցիկով։ Սեպտեմբերին Բաքուն հայտարարեց իսրայելական տեխնոլոգիայով սեփական «կամիկաձե»-անօդաչուները ստեղծելու մտադրության մասին։
Այս հայտարարությունը հնչեց Հայաստանում Անկախության օրվա շքերթին ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրի ցուցադրմանը գրեթե զուգահեռ։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Bloomberg-ին ասել է, որ «Իսկանդերների» երևան գալը փաստացի հավասարեցրել է ուժերի հավասարակշռությունը, քանի որ «հրթիռային այդ համակարգը կարող է խոցել կարևորագույն օբյեկտներ Բաքվի շուրջ և ամբողջ Ադրբեջանում»։ Բաքվում ուժերի հավասարակշռության փոփոխությունը հերքում են։
Ինչևէ, գործակալությունը նշում է, որ ամեն դեպքում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը հակամարտության ցանկացած հաջորդ սրում դարձնում է շատ ավելի լուրջ։ «Երկու կողմերի համար էլ գինը մեծանում է»,- Bloomberg-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։