Հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրություններից և հոկտեմբերի 10-ին ընտրված ավագանու առաջին նիստում քաղաքապետի ընտրություններից հետո Հայաստանի երրորդ քաղաքում առաջացած իշխանության ճգնաժամը մեկ ամսից ավելի է, ինչ շարունակվում է:
Հիշեցնենք՝ ավագանու կազմում մեծամասնություն չունեցող Հանարապետական կուսակցությանը հաջողվեց Վանաձորի քաղաքապետ կարգել Մամիկոն Ասլանյանին: Իսկ ընտրություններից հետո համաձայնության եկած «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ներկայացնող ավագանու անդամները դարձան ընդդիմություն՝ բոյկոտելով ավագանու նիստերը:
Չնայած այն հանգամանքին, որ այդ դաշինքի 4 ներկայացուցիչներ, չպահելով վերոհիշյալ կուսակցությունների միջև նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները, քաղաքապետի ընտրությունների ժամանակ գաղտնի քվեարկությամբ իրենց քվեն տվեցին ոչ թե «Լուսավոր Հայաստանից» Քրիստ Մարուքյանին, այլ ՀՀԿ-ից Մամիկոն Ասլանյանին։
Ստացվեց մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը, չունենալով մեծամասնություն, հայտնվեց քաղաքի կառավարման ղեկին, սակայն իշխանության իրացման հնարավորություն չունի: Ավագանու կազմում «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին մեծամասնություն են և բոյկոտում են ավագանու նիստերը: Ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ քվորումի բացակայությունը ՀՀԿ-ՀՅԴ դաշիքնին՝ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, դնում է խիստ անհարմար վիճակի մեջ: Իշխանություն ունենալով՝ նրանք չունեն իրական իշխանություն․ Վանաձորում գրեթե անիշխանություն է:
Այս իրավիճակը ՀՀԿ-ի և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի «ոչ մի թիզ իշխանություն ընդդիմությանը» չզիջելու հետևանք է:
Չունենալով հանրության շրջանում բավարար հեղինակություն ու վստահություն իշխանության վերարտադրության համար՝ Հանրապետական կուսակցությունը, պետական ու ֆինանսական անսահմանափակ ռեսուրսներ օգտագործելով, բաժան-բաժան է անում պոտենցիալ մրցակիցների ուժերը: Իսկ եթե դա էլ չի օգնում, արդեն սկսում է աշխատել կոնկրետ անձերի հետ, որոնց նյութապես շահագրգռելով կամ պարտադրելով՝ ստիպում է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կօգնեն ՀՀԿ-ի իշխանության շարունակականության ապահովմանը, ինչպես եղավ, օրինակ, Վանաձորում:
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հանրապետականը իշխանության ճգնաժամի մեջ է նաև հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Այդ քաղաքում թեև իշխանության ճգնաժամը Վանաձորի մակարդակի չհասավ, սակայն ընտրություններից շուրջ երկու ամիս անց վիճարկվում է «Բալասանյան դաշինքի» իշխանության գալու գործընթացի օրինականությունը:
Առանձին անհատների կամ կուսակցությունների հետ ստվերային պայմանավորվածությունների միջոցով հնարավոր է, որ կենտրոնական իշխանությունը հաղթահարի Վանաձորի ու Գյումրիի ճգնաժամերը:
Օրինակ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի բացառել ՀՀԿ-ի հետ դաշնակցելու հնարավորությունը: Սակայն ՀՀԿ-ի իշխանամոլության արդյունքում երկու մեծ քաղաքներում ունենալու են երերուն և ոչ վճռական կառավարչական թիմեր, որոնք չեն կարողանալու արդյունավետ կառավարում իրականացնել ու դիմագրավել մարտահրավերներին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի