Օմբուդսմենը Ժնևում ներկայացրել է ապրիլյան քառօրյայի ընթացքում Բաքվի վայրագությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնևում հանդիպել է Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավար Ժերալդ Սթաբերոքի հետ։

Ինչպես հաղորդում են ՄԻՊ գրասենյակից, հանդիպմանը օմբուդսմենը Սթաբերոքի ուշադրությունն է հրավիրել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը շեշտադրվել են ինչպես համատեղ ծրագրերի և համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը:

Նույն օրը Արման Թաթոյանը Ժնևում հանդիպում է ունեցել նաև Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: «Հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը: Միաժամանակ, ներկայացվել և քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի ուժեղացման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ: