«Ուրալյան ավիաուղիներ»-ը Դոնի Ռոստովից կթռչի Գյումրի

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոր միջազգային չվերթ է բացում՝ «Դոնի Ռոստով-Գյումրի»․ այս մասին հաղորդում է ընկերության կայքը։

Համաձայն «Ուրալյան ավիաուղիներ»-ի հաղորդագրության՝ նոր չվերթը կիրականացվի դեկտեմբերի 2-ից՝ ուրբաթ օրերին։

Ընկերությունը հիշեցնում է նաև Դոնի Ռոստով-Երևան իր չվերթների մասին, որոնք իրականացվում են շաբաթական վեց անգամ։

Ընկերությունն իր հաճախորդներին խորհուրդ է տալիս ձմեռային արձակուրդներն անցկացնել Հայաստանում, վայելել Ծաղկաձորի զբոսավայրը՝ Թեղենիս լեռան ստորոտին, ճաշակել ավանդական համեղ ուտեստներ և ըմպելիքներ։

Դեկտեմբերից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան թռիչքներ է պատրաստվում իրականացնել նաև ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը։ Ընկերության կայքի համաձայն՝ «Մոսկվա-Գյումրի» առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին։ Նախապես հայտարարվել է, որ ավիատոմսերի սակագները լինելու են՝ սկսած 10 հազ․ դրամից: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը լրագրողների հետ զրուցում մեկնաբանելով այս լուրը, ասել էր, որ սա նախադեպ է այն առումով, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ձևաչափով, որով այն պետք է լինի։ «Սա առաջին հերթին շատ կարևոր իրադարձություն է այն պատճառով, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը մեր կողմից նախատեսված և նախագծված ձևաչափով սկսելու է աշխատել»,- ասել էր Սերգեյ Ավետիսյանը։

Մեկնաբանել