Ադրբեջանը հետաքննությունների մեխանիզմը կդիտարկի «միայն որպես հայկական զորքերի դուրսբերման գործընթացի բաղկացուցիչ մաս»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմը նպատակ չէ, այլ օժանդակ միջոց, որը ծառայելու է հակամարտության կարգավորմանը․ «Ռիա-նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

Վերջինս ասել է, որ Բաքուն պատրաստ է դիտարկել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմը «միայն որպես հայկական զորքերի դուրսբերման գործընթացի բաղկացուցիչ մաս»։

Անցյալ շաբաթ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի պատասխան հարցի, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում մեխանիզմի մշակմանը, ասել էր, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը նման մեխանիզմի ստեղծման շուրջ «կոնսենսուսի հասնել չէր հաջողվել․ ադրբեջանական կողմը պնդել էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրադրությունը կայուն էր»։
«Ռուսական կողմը այդ գաղափարի հեղինակն է։ Դեռ 2011թ․ Սոչիում եռակողմ հանդիպմանը մենք հանդես էինք եկել ԼՂ հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության անցկացման նախաձեռնությամբ։ Որպես դրա շարունակություն՝ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ նախապատրաստել էին համապատասխան մեխանիզմի նախագիծ։ Այնուհետև այն մշակվել էր նաև ԵԱՀԿ փորձագետների կողմից։ Վիեննայի հանդիպմանը [մայիսի 16 – ՍիվիլՆեթ] պայմանավորվածություն էր ձեռք բերվել այդ աշխատանքը ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնելու շուրջ։

Սակայն հունիսին [20 – ՍիվիլՆեթ] Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, որին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, այդ հարցի շուրջ կոնսենսուսի հասնել չի հաջողվել։ Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրադրությունը կայուն էր։ Արդյունքում մեխանիզմի թեման չի արտացոլվել Պետերբուրգի հանդիպման արդյունքներով արված հայտարարությունում։ Դրա հետ մեկտեղ, մեր համոզմամբ, մեխանիզմի թեման արդիական է մնում»,- հայտարարել էր Զախարովան։

Թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան պատրաստ ենք ստորագրել մեխանիզմի ստեղծման համաձայնագիր․ Սերժ Սարգսյան

Սանկտ Պետերբուրգի հունիսյան հանդիպմանը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ պայմանավորվածության մասին Russia Today գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ամեն անգամ ադրբեջանական կողմն ասում է, որ հրադադարը խախտում են հենց հայկական կողմերը։ Մենք ասում ենք՝ եթե այդպես է, եկեք հետաքննության մեխանիզմ ստեղծենք, այդ դեպքում ամբողջ աշխարհին հայտնի կլինի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը։

[…]

Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիր։ Մենք ցանկանում ենք, որ և համանախագահները, և միջազգային հանրությունն իմանան՝ ով է խախտում հրադադարի ռեժիմը»։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել