ԵՄ-ն սպառնում է սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, Էրդողանի համար դա «արժեք չունի»

Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցությունների ժամանակավոր սառեցման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը Թուրքիայի համար չի ունենա որևէ արժեք՝ անկախ արդյունքից․ այսօր այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Իսլամական տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ։ 

«Ոչ մի կշեռք չի կարող չափել մի ժողովրդի կամքը, որը զոհաբերել իր կյանքը հանուն անկախության և ժողովրդավարության հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ»,- Anadolu գոծակալությունը մեջբերում է Էրդողանին։ 

«Շեշտելով, որ չնայած Եվրահանձնաժողովի քվեարկության արդյունքները պարտադիր չեն լինելու Թուրքիայի համար», իր համար «անհնար է» ընդունել այն մեսիջը, որն ակնհայտորեն կհղի ԵՄ-ն։

Թուրքիայի ղեկավարի համոզմամբ՝ իր երկիրը շատ ավելի շատ, քան մյուսները որպես օրինակ է օգտագործել ԵՄ արժեքները, և չնայած դրան՝ չի ստացել «իրական աջակցություն» Արևմտյան երկրներից։ Էրդողանը ԵՄ-ին նաև մեղադրել է առաջիկա քվեարկությամբ «ահաբեկչական կազմակերպություններին սատարելու մեջ»։

 

Սառեցնե՛լ անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ․ Եվրահանձնաժողով

Նոյեմբերի 22-ին Եվրահանձնաժողովի մի շարք անդամներ և քաղաքական խմբեր ԵՄ  դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ քննարկման ընթացքում բարձրացրել են Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները ժամանակավորապես սառեցնելու հարցը՝ պայմանավորված հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իշխանությունների գործողություններով։ 

Ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովի կայքը, եվրոպացի գործիչները, այդուհանդերձ, կողմնակից են, որ երկխոսության դռները բաց մնան այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի սահմանել մահապատիժ։ Բանաձևը քննարկման կդնի հինգշաբթի։ 

Եվրահանձնաժողովի պատգամավորները խստորեն դատապարտել են հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում կիրառվող անհամաչափ ռեպրեսիվ միջոցները։ 

«Այլևս ոչ մի գործ Թուրքիայի հետ, ինչպես սովորաբար․ մենք սատարում ենք ԵՄ անդամակցության բանակցությունների սառեցումը»,- ասել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։ 

Եվրահանձնաժողովում երկրորդ խոշորագույն՝ Սոցիալիստական խմբի առաջնորդ Ջիաննի Պիտելլան նույնպես սատարել է բանակցությունների սառեցումը՝ ասելով, որ այս պահին առաջ գնալու պայմաններ չկան։

Մոգերինին իր հերթին հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունը փոխշահավետ լուծումների հասնելն է, մինչդեռ Թուրքիայի անդամակցության գործընթացի ավարտը կնշանակի կորուստ երկու կողմերի համար էլ։

Չկառչե՛լ ԵՄ գաղափարից․ Էրդողան

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Համագործակցության Շանհայի կազմակերպությանը (ՀՇԿ) միանալը այլընտրանք է համարում Եվրամիությանն անդամակցությանը։

«Թուրքիան չպետք է կառչած մնա Եվրամիության անդամակցության գաղափարից և ուսումնասիրի այլ հնարավորություններ ևս, ինչպես օրինակ՝ Շանհայի համաձայնագիրը,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Պակիստանի և Ուզբեկստանից վերադարձի ճանապարհին լրագրողներին ասել էր Էրդողանը։- Ինձ կարող են քննադատել, սակայն ես իմ կարծիքն եմ հայտնում։ Օրինակ, ես ասում եմ՝ ինչո՞ւ Թուրքիան չպետք է լինի Շանհայի հնգյակում»։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ 2017թ․ Թուրքիայում կարող է հանրաքվե անցկացվել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները շարունակելու հարցով։ Բացի այդ, Թուրքիայում, կրկին Էրդողանի նախաձեռնությամբ, դիտարկվում է մահապատիժը վերականգնելու հարցը։ Պատժի այդ միջոցը Թուրքիայում վերացվել էր 2004թ․՝ որպես ԵՄ-ին անդամակցության առանցքային նախապայման։

Ստելլա Մեհրաբեկյան