Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ-ի հետ․ Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ․ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։

Նոյեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» «Արտաքին քաղաքական մարտահրավերներն ու ԼՂ հիմնախնդիրը» թեմայով ասուլիս-հարցազրույցին նա տեղեկացրեց, որ այս պահին դեռևս հստակ չէ՝ Համբուգում դեկտեմվերի սկզբին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, թե ոչ։

Անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը առաջիկայում թողնելուն և ռուսական իրավաբանական ընկերության հետ գործակցելու հեռանկարին՝ Շավարշ Քոչարյանը նշեց, որ դա անսպասելի չէր, որովհետև ամերիկացի համանախագահների դեպքում գործում է ռոտացիայի սկզբունք՝ ժամկետը լրացել էր, այդ իսկ պատճառով նրան փոխարինում են։

«Ջեյմս Ուորլիքի, մեկ ամիս առաջ նաև ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը ինչպես կանդրադառնան առկա սառեցված իրավիճակի վրա, կարելի է ակնկալել նոր առաջարկներ» հարցին ի պատասխան փոխարտգործնախարարը նշեց, որ պետք չէ գերագնահատել այն անձնանց, որոնց եռանախագահ երկրները նշանակում են՝ որպես ներկայացուցիչ․ պետության քաղաքականությունը, պետության քաղաքականությունն է, և ինքնին անձի փոփոխությունը չի նշանակում նախորդ ամբողջ փաթեթի փոփոխություն, չի նշանակում, որ գալիս է մարդ, որը սկսելու է զրոյից։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի փոփոխությանը՝ նա չբացառեց, որ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի քաղաքականության ﬔջ լինեն որոշակի փոփոխություններ՝ նշելով, որ, այնուամենայնիվ, կտրուկ քայլերն այնքան էլ հավանական չեն:

«Հասկանալի է, որ ամերիկայի դեպքում էլ, երբ գալիս է նոր նախագահ, այնուամենայնիվ, կան կայացած ինստիտուտներ, կան փորձագիտական խմբեր, կա քաղաքականություն: Այդ տեսակետից այստեղ էլ չափազանց կտրուկ քայլերը այնքան էլ հավանական չեն։ Բայց բնական է, որ այստեղ նախագահը ունի արդեն լրիվ այլ լիազորություններ, քան ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբում, և այստեղ հնարավոր են այս կամ այն ուղղությամբ որոշակի փոփոխություններ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ հայկական կողմերը երբեք չեն խուսափել հանդիպումներից․ «Միակ ակնկալիքը, որ միշտ եղել է, որ այդ հանդիպումները պետք է լինեն արդյունավետ։ Արդյունավետության մասին մենք կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա»։

Քոչարյանը հավելեց, որ ներկա փուլում անհնարին է բանակցային գործընթացում սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները․ «Անհնարին է ակնկալել առաջընթաց բուն բանակցային գործընթացում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են, սադրանքներ են կազմակերպում շփման գծում»։

Պատասխանելով հարցին, թե այս պահին ո՞րն է այն փաստաթուղթը, որը դրված է բանակցային սեղանին, փոխարտգործնախարարն ասաց, որ առ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը երեք կողմերից երկուսը ընդունել են՝ որպես հիմք բանակցությունների համար՝ դա Մադրիդն է․ Մադրիդյան փաստաթուղթը բանակցությունների համար որպես հիմք ընդունել են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, Արցախը չի ընդունել։ «Որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Մնացածը ինչ եղել է, բոլորը բանակցային փուլում այս կամ այն ձևափոխումներն են եղել, որոնք այդպես էլ չեն հասել նրան, որ կողմերը դրան տան համաձայնություն»,- ասաց Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ժամանակին ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը որպես հիմք, եղել է լուրջ զիջում հայկական կողմից։

Խոսելով Կազանի փաստաթղթի մասին՝ նա նշեց, որ դա ինչ-որ չափով ձևափոխված, բայց ըստ էության՝ նույն Մադրիդն է․ «Ի՞նչ կլիներ, եթե Կազանում Ադրբեջանը չտապալեր։ Դա նշանակում է, որ դրանից հետո պետք է արդեն Լեռնային Ղարաբաղը ասեր՝ ընդունում է, թե ոչ։ Եթե ընդուներ, այդ դեպքում երեք կողմերը մասին պետք է աշխատեին արդեն մեծ պայմանագրի մշակման վրա։ Եթե Արցախն ասեր ոչ, գործընթացը նորից կանգնելու էր»։

Շավարշ Քոչարյանի ասուլիս-հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։

Մեկնաբանել