Նեթանյահուի այցը Ադրբեջան՝ դեկտեմբերի 13-ին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Ադրբեջան կկայանա դեկտեմբերի 13-ին․ այս մասին հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին՝ հաղորդել է APA գործակալությունը։ 

Նեթանյահուի այցը Բաքու կտևի մեկ օր, որից հետո նա կմեկնի Ղազախստան։

Ադրբեջանում նախատեսվում է հանդիպում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ և տնտեսական ոլորտում մի շարք փաստաթղթերի ստորագրում։ 

Սա կլինի Բենյամին Նեթանյահուի առաջին այցը վերոհիշյալ երկրներ վարչապետության երկրորդ շրջանում։ 1997թ․ կրկին Իսրայելի վարչապետի պաշտոնում Նեթանյահուն կարճաժամկետ գիշերային այց էր կատարել Բաքու, որտեղ նրան ընդունել էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը։ Վերլուծաբանների կարծիքով՝ հենց այդ այցից հետո ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում սկսվել է վերելքի փուլ։

Իսրայելի վարչապետի ադրբեջանական այցի մասին հայտարարվել էր սեպտեմբերին, սակայն հստակ ժամկետներ չէին նշվում։

Ուշագրավ է, որ ըստ իրանական լրատվամիջոցներում տարածվող հաղորդագրությունների՝ գրեթե նույն ժամանակահատվածում ակնկալվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան։

 

Լուսանկարում՝ 1997թ․ օգոստոս, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարճաժամկետ գիշերային այցով՝ Բաքվում։