Արցախում սահմանադրական հանրաքվեն հնարավոր է՝ անցկացվի 2017թ․ առաջին եռամսյակում

Առկա են բոլոր նախադրյալները, անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելով, 2017թ․ առաջին եռամսյակում Սահմանադրության նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու համար․ այս մասին «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նրա խոսքով՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից խնդիր է դրված՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն արհեստականորեն չարագացնելու, այդ պատճառով այս պահին որևէ կոնկրետ ժամկետ նշելը ճիշտ չէ:

Աշոտ Ղուլյանը նշել է, որ հավանաբար ԼՂՀ նախագահը Սահմանադրության նախագիծը Ազգային ժողով կուղարկի դեկտեմբերի կեսերին:

Նա տեղեկացրել է, որ մասնագիտական հանձնաժողովը սահմանված ժամանակացույցով անց է կացրել բոլոր նախատեսված հանդիպումները, և այժմ իրենք ամփոփում են հանրային քննարկումների արդյունքները:

ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքով՝ առաջինից մինչև վերջին հոդվածը հանրային և քաղաքական շրջանակների կողմից արժանացել են մանրակրկիտ վերլուծության: «Այս փուլում պակաս կարևոր չէ Սահմանադրության նախագծով առաջարկվող մեխանիզմների հնարավոր ռիսկերը, որոնք մենք պարտավոր ենք գնահատել և անհրաժեշտ հետևություններ անել: Հանձնաժողովը շարունակելու է հավաքագրել տարբեր գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել նախագծի քննարկման հաջորդ փուլերի համար»,- ասել է նա:

Աշոտ Ղուլյանը նշել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչ այս պահը ստացել է ավելի քան 150 առաջարկություն, և այժմ փորձում է փորձում է խմբավորել, վերլուծել և առանձնացնել ընդունելի տարբերակները:

«Լրամշակվելու արդյունքում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել, նախագծում ավելացվել կամ հանվե՞լ են հոդվածներ» հարցին ի պատասխան նա ասել է․ «Այս պահին ավելացված հոդվածներ չունենք, սակայն եղած հոդվածներում փոփոխությունների համար արդեն ունենք որոշ գաղափարներ, որոնց մի մասը մուտքագրվել է: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

***

Լեռնային Ղարաբաղի նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը փոփոխված սահմանադրության նախագիծը հրապարակել էր նոյեմբերի սկզբին։

Սահմանադրության նախագծով սահմանվում է նախագահական ուժեղ կառավարում, վերացվում է վարչապետի պաշտոնը, փոխարենը մտցվում է պետական նախարարի ինստիտուտ, որին, ինչպես և նախարարներին, նշանակում է նախագահը: Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լուրջ ռիսկեր է տեսնում և պնդում է՝ որ փոփոխությունն արվում է Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկրաձգելու համար։