Առկա են բոլոր նախադրյալները, անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելով, 2017թ․ առաջին եռամսյակում Սահմանադրության նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու համար․ այս մասին «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նրա խոսքով՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից խնդիր է դրված՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն արհեստականորեն չարագացնելու, այդ պատճառով այս պահին որևէ կոնկրետ ժամկետ նշելը ճիշտ չէ:
Աշոտ Ղուլյանը նշել է, որ հավանաբար ԼՂՀ նախագահը Սահմանադրության նախագիծը Ազգային ժողով կուղարկի դեկտեմբերի կեսերին:
Նա տեղեկացրել է, որ մասնագիտական հանձնաժողովը սահմանված ժամանակացույցով անց է կացրել բոլոր նախատեսված հանդիպումները, և այժմ իրենք ամփոփում են հանրային քննարկումների արդյունքները:
ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքով՝ առաջինից մինչև վերջին հոդվածը հանրային և քաղաքական շրջանակների կողմից արժանացել են մանրակրկիտ վերլուծության: «Այս փուլում պակաս կարևոր չէ Սահմանադրության նախագծով առաջարկվող մեխանիզմների հնարավոր ռիսկերը, որոնք մենք պարտավոր ենք գնահատել և անհրաժեշտ հետևություններ անել: Հանձնաժողովը շարունակելու է հավաքագրել տարբեր գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել նախագծի քննարկման հաջորդ փուլերի համար»,- ասել է նա:
Աշոտ Ղուլյանը նշել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչ այս պահը ստացել է ավելի քան 150 առաջարկություն, և այժմ փորձում է փորձում է խմբավորել, վերլուծել և առանձնացնել ընդունելի տարբերակները:
«Լրամշակվելու արդյունքում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել, նախագծում ավելացվել կամ հանվե՞լ են հոդվածներ» հարցին ի պատասխան նա ասել է․ «Այս պահին ավելացված հոդվածներ չունենք, սակայն եղած հոդվածներում փոփոխությունների համար արդեն ունենք որոշ գաղափարներ, որոնց մի մասը մուտքագրվել է: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։
***
Լեռնային Ղարաբաղի նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը փոփոխված սահմանադրության նախագիծը հրապարակել էր նոյեմբերի սկզբին։
Սահմանադրության նախագծով սահմանվում է նախագահական ուժեղ կառավարում, վերացվում է վարչապետի պաշտոնը, փոխարենը մտցվում է պետական նախարարի ինստիտուտ, որին, ինչպես և նախարարներին, նշանակում է նախագահը: Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լուրջ ռիսկեր է տեսնում և պնդում է՝ որ փոփոխությունն արվում է Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկրաձգելու համար։