Նազարբաևն ասում է՝ երեխաներին չի փոխանցելու իշխանությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ իշխանությունը փոխանցել ժառանգականության սկզբունքով։

«Երեխաներիս ժառանգականություն չեմ նախատեսում․ ես կարծում եմ՝ դա մեզ համար չէ,- Աստանայում՝ նախագահական պալատում, ասել է 76-ամյա ղազախ առաջնորդը։ – Մեր իշխանության փոխանցումը ամրագրված է Սահմանադրությունում։ Մինչև 2020թ․ ես կաշխատեմ, իսկ 2020թ․ մենք ձեզ հետ կհանդիպենք»։

Bloomberg-ը նկատում է, որ ժառանգականության հարցը Ղազախստանում ուշադրության կենտրոնում է հայտնվել սեպտեմբերին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո։

Սեպտեմբերին Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, նշանակվել էր Ղազախստանի խորհրդարանի սենատի պատգամավոր։ Նրա միջնեկ դուստր Դինարա Կուլիբաևան ամուսնու՝ Տիմուր Կուլիբաևի հետ համատեղ, ղեկավարում է երկրի երկրորդ խոշորագույն բանկը։

Նուրսուլթան Նազարբաևը առաջին անգամ Ղազախստանի նախագահ էր ընտրվել 1991թ․ դեկտեմբերին։ 1995-ին հանրաքվեի արդյունքում նրա լիազորությունները երկարաձգվել են մինչև 2000թ․։ Դրանից հետո Նազարբաևը երկու անգամ վերընտրվել է։ 2007թ․ Ղազախստանի Սահմանադրությունում փոփոխություններ են մտցվել, որոնք նախագահին անսահմանափակ անգամներ վերընտրվելու հնարավորություն են տվել։ Նուրսուլթան Նազարբաևը կրկին երկրի ղեկավար է ընտրվել 2011 և 2015 թվականներին։

Կարդացեք նաև Աստանան Նազարբաևի պատվին անվանակոչելու նախաձեռնության մասին։

Մեկնաբանել