Ցմահ ղեկավարների ակումբ

Ղազախստանի խորհրդարանը առաջարկել է երկրի մայրաքաղաքը անվանակոչել Նազարբաևի պատվին: Որոշումն ընդունվել է խորհրդարանի կողմից: Մինչև տարվա ավարտը հնարավոր է՝ որոշումն ուժի մեջ մտնի, և Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանվի Նուրսուլթան:

Ղազախստանում երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անձի պաշտամունքը ամուր հիմքերի վրա է դրված:

Ավելի վաղ Նազարբաևը պատկերվել էր ղազախական ամենախոշոր՝ 10 հազ. տենգե արժեքով թղթադրամների վրա: Ամեն տարի Ղազախստանում նախագահի պատվին անցկացվում է «Լավագույն Նուրսուլթան» մրցույթը: Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանում իշխանության ղեկին է 26 տարի՝ 1990-ից սկսած:

Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ հանդիսացող Ղազախստանը անդամ պետությունների շարքում միակը չէ, որտեղ անձի պաշտամունքը, բռնապետական կամ ավտորիտար համակարգը օրինաչափություն է:

ԵՏՄ տարածաշրջանը՝ նախագահների իշխանության երկարակեցության, ավտորիտարիզմի մարմնացում, ժողովրդավարության գերեզման

Տարեցտարի ԵՏՄ անդամ պետություններում այդ միտումները ավելի են խորանում: Այդ երկրների ղեկավարները հետևողականորեն չեն ցանկանում լքել իշխանությունը և հիմնականում սահմանդրական ու օրենսդրական փոփոխություններով երկարաձգում են այն:

Օրինակ՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները առաջարկությամբ են հանդես եկել՝ երկարացնելու նախագահի լիազորությունների ժամկետը: Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նախաձեռնում է հանրաքվե ընտրական համակարգի փոփոխության և նախագահի լիազորությունների երկարացման վերաբերյալ:

2018թ. նախատեսվում է հանրաքվե անցկացնել, որով նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց կբարձրացվի 7 տարվա:

Դեռ 2004թ. հոկտեմբերի 17-ին Բելառուսում հանրաքվեով փոփոխություն էր մտցվել երկրի Սահմանդրության մեջ, որով հանվել էր նախագահի լիազորությունների քանակի վրա դրված արգելքը: ԵՏՄ անդամ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն մինչև իր մահը կարող է ընտրվել Բելառուսի նախագահ:

Լուկաշենկոն իշխանության ղեկին է 22 տարի` 1994թ-ից: Լուկաշենկոյի նախագահությունը ընդհատվել է 1999-2001 թթ․, երբ Բելառուսում 1999թ. նախագահական ընտրությունների ընթացքում չկարողացան նախագահ ընտրել:

Սերժ Սարգսյանը՝ «ցմահ ղեկավարներ» ակումբի անդամ

2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Արևելյան գործընկերության շրջանակներում շուրջ 4 տարի տևած եվրաասոցացման շուրջ բանակցությունները հանկարծակի դադարեցրեց ու հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին: Արտաքին ինտեգրացիոն քաղաքականության նման կտրուկ փոփոխության քննադատները նշում էին, որ այդ միությանն անդամակցությունը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի ժողովրդավարական արժեքների մնացորդներին: Մտավախությունները կարծես թե իրականանում են:

2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որի վիճահարույց արդյուքներով Հայաստանը կիսանախագահական հանրապետությունից վերածվեց խորհրդարանական հանրապետության:

2018թ. նախագահության իր երկրորդ ժամկետն ավարտող և Սահմանդրությամբ երրորդ ժամկետում ընտրվելու իրավունք չունեցող Սերժ Սարգսյանը սույն փոփոխություններից հետո անսահմանափակ հնարավորություն է ստանում երկիրը ղեկավարելու վարչապետի պաշտոնում: Սերժ Սարգսյանը համենայնդեպս չի բացառել, որ կարող է և զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Սերժ Սրագսյանն իշխանության ղեկին երկարակեցությամբ երրորդն է ԵՏՄ անդամ պետությունների շարքում՝ Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի ղեկավաներից հետո: Նա Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ից:

ԵՏՄ կորիզ հանդիսացող Ռուսաստանը, որը հսակայական ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական համակարգի վրա, ևս ավտորիտար հարուստ ավանդույթներ ունի: Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում փաստացի իշխում է 16 տարի՝ 2000-ից: 2008թ․ Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններից հետո նախագահի լիազորությունների ժամկետը 4 տարուց փոխվեց 6-ի: 2018թ. նախագահության ժամկետն ավարտող Վլադիմիր Պուտինը տեսականորեն կարորղ է ևս մեկ անգամ ընտրվել այդ պաշտոնում և ղեկավարել Ռուսաստանը մինչև 2024թ.:

ԵՏՄ անդամ պետությունների շարքում ամենակարճը իշխանության ղեկին է գտնվում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, որը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2011-ից: Ղրղզստանի Սահմանադրությունը արգելում է նույն անձին անընդմեջ երկրորդ անգամ ընտրվել երկրի նախագահ:

Հաշվի առնելով ԵՏՄ մյուս երկրներում տիրող քաղաքական բարքերն ու միտումները՝ բացառված չէ, որ Ղրղզստանն էլ անցնի գործընկեր երկրների ճանապարհով:

Մեկնաբանել