Բանան ներկրող «Քեթրին Գրուպը» խոստանում է գինը չբարձրացնել

Բանան ներկրող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ խոստանալով, որ ամանորյա տոներից առաջ բանանի գինը չեն բարձրացնելու։

«Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք՝ համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում: Տեղեկացնում ենք, որ, վերոնշյալով պայմանավորված՝ բանանի գինը Հայաստանում նվազել է` կազմելով 1 կգ 650-700 դրամ՝ նախկին 850-900 դրամի փոխարեն»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: [«Քեթրին Գրուպը» փոխկապված է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրա Պողոսյանի հետ, որը պաշտոնից հեռացավ պանամական օֆշորում իր անվան հետ սկանդալային բացահայտումներից հետո]։

Նախօրեին Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ԵՏՄ տարածքից՝ Ռուսաստանից մի գործարար բանան է ներկրել Հայաստան, անցել մաքսային ստուգումները, սակայն արդեն հանրապետության ներսում խոչընդոտների է հանդիպել։ «ՊԵԿ Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»: ՊԵԿ-ը խստագույնս նախազգուշացրել էր զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից։

Այս թեմային «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում անդրադարձել է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։ Նա գրել է, որ մաքսակետն անցնելուց հետո գործարարը ուղևորվել է Երևան, ճանապարհին նրան կանգնեցրել են մի շարք մեքենաներ, «տպավորիչ արտաքինով» երիտասարդներ շրջապատել են նրան և հարցրել, թե արդյոք նա «դաբրո» ունի բանան ներկրելու։ Վեճը հանգուցալուծվել է նրանով, որ երիտասարդները կգ-ն 700 դրամով գնել են գործարարի բանանի ողջ խմբաքանակը։ Իսկ գործարարն ասել է, որ առաջին անգամ էր բանան ներկրում և նպատակը այդ շուկայում աշխատելը չէ։

Մեկնաբանել