ԵՄ-ն սառեցնում է Թուրքիայի անդամակցության բանակցությունները․ Եվրախորհրդարանը քվեարկեց

Եվրախորհրդարանն այսօր քվեարկել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու օգտին, հաղորդում է Եվրախորհրդանի կայքը։

Որոշման օգտին քվեարկել է 479 պատգամավոր, 37-ն արտահայտվել է դեմ, 107-ը՝ ձեռնպահ։

Եվրամիությանն այս քայլը արձագանք է Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո իշխանությունների կողմից ընդդիմության և անկախ մամուլի դեմ իրականացվող բռնաճնշումների։

Եվրախորհրդարանի բանաձևում ասված է, որ Թուրքիան, այդուհանդերձ, պետք է կապված մնա ԵՄ-ին։ Խորհրդարանականները նաև խոստացել են վերանայել իրենց դիրքորոշումը, երբ անհամաչափ ռեպրեսիվ միջոցները Թուրքիայում վերացվեն։

«Թուրքիան կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար, սակայն գործընկերային հարաբերություններում համագործակցելու ցանկությունը պետք է երկկողմ լինի ․․․ Թուրքիան ցույց չի տալիս այդ քաղաքական կամքը, քանի որ կառավարության գործողությունները շարունակում են Թուրքիան շեղել եվրոպական ճանապարհից»,- ասված է բանաձևում։

Բանակցությունների ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ Թուրքիայի հետ չեն բացվի բանակցությունների նոր գլուխներ և չեն սկսվի նոր նախաձեռնություններ։

 

 

 

Եվրախորհրդարանականները հայտարարում են, որ մահապատժի վերադարձը Թուրքիայում այն կարմիր գիծն է, որը չպետք է հատվի։ 

ԵՄ իրավունքը միաձայն մերժում է պատժի այդ միջոցը։

Ավելին՝ ԵՄ-ն սպառնում է սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, Էրդողանի համար դա «արժեք չունի»։