Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 24-ին երեք տարի պայմանական ազատազրկման դատապարտեց Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով մեղադրյալներ՝ ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Կարագյոզյանին և Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդի Արեգ Սադոյանին։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Կարագյոզյանի պաշտպան Լիանա Մանուսաջյանը։
Մեղադրող դատախազը Ռաֆայել Կարագյոզյանի համար պահանջել էր 3 տարի ազատազրկում, իսկ Արեգ Սադոյանի համար՝ 3 տարի ազատազրկում, որից մեկը՝ պայմանական։
Ռաֆայել Կարագյոզանին և Արեգ Սադոյանին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում։ Մանուսաջյանը նշեց, որ այսօր՝ ավելի վաղ, դատական նիստի ընթացքում Կարագյոզյանն ու Սադոյանն ընդունել էին իրենց առաջդրված մեղադրանքը և պահանջել էին արագացված դատավարություն անցկացնել։
Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է ներկայացված 15 քաղաքացիների, բոլորին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ կետով՝ զանգվածային անկարագություններ կազմակերպելը։
Ռաֆայել Կարագյոզյանի և Արեգ Սադոյանի միացված գործի դատավարությունն իրականացնում էր Մարտի 1-ի գործերով վճիռներ կայացնող դատավոր Գագիկ Պողոսյանը։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի