Գազը հունվարի 1-ից կէժանանա․ ՀԾԿՀ-ն հաստատեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց սպառողների համար բնական գազի սակագինը նվազեցնելու որոշմանը: Որոշումն ընդունվեց միաձայն:

Այսպիսով՝ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողների համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի սակագինը կկազմի 100 հազ․ դրամ՝ սպառված յուրաքանչյուր 1000 խմ գազի դիմաց; 600 խմ գերազանցող բնական գազի համար՝ 139 հազ․ դրամ/1000 խմ։

Ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող մնացած սպառողներին վաճառվող գազի սակագինը կկազմի 139 հազ․ դրամ՝ սպառված յուրաքանչյուր 1000 խմ գազի համար՝ ներկայիս 146 հազ. 700 դրամի փոխարեն։

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կկազմի 212 դոլարին համարժեք դրամ; ապրիլի 1-ից մինչև հոկետմեբրի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազ․ խմ սպառման դեպքում 139 հազ․ դրամ, իսկ ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառման դեպքում՝ 242․1 դոլարին համարժեք դրամ։

Գյուղատնտըեսության ոլորտի վերամշակող` պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ գազի սակագինը կկազմի 212 դոլարին համարժեք դրամ։

Ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող մնացած սպառողների համար սակագինը կդառնա 242.1 դոլարին համարժեք դրամ՝ ներկայիս 257.56 դոլարի փոխարեն (1000 խմ):

Որոշումն ուժի մեջ կմտնի 2017թ․ հունվարի 1-ից:

***

Բնական գազի գինը վերանայելու հայտով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ՀԾԿՀ էր դիմել նոյեմբերի սկզբին:

Գազի սակագները նվազեցնելու համար ընկերությունը նշել էր չորս գործոն՝

1. հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի,

2. սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը,

3. «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումը՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը,

4. «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:

Մեկնաբանել