Ավստրիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է Թուրքիային զենքի մատակարարումը դադարեցնելու օգտին

Ավստրիայի խորհրդարանի անդամները սատարել են երկրի վեց քաղաքական ուժերի նախաձեռնությանը՝ Թուրքիային սպառազինությունների մատակարարման դադարեցման վերաբերյալ, հաղորդում են քրդական Rudaw և թուրքական Anadolu գործակալությունները:

Բանաձևը կոչ է անում ավստրիական իշխանություններին արգելք դնել Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքի վրա: Շեշտվում է, որ Թուրքիայում տեղի են ունենում «մարդու իրավունքների ոտնահարումներ, իսկ ներկրված զենքը կարող է օգտագործվել ընդդիմության դեմ»:

Ավստրիայի Կանաչների կուսակցության անդամ Բերիվան Ասլանը, որը սատարել է նախաձեռնությանը, Թվիթերում գրել է, որ որոշումն ընդունվել է միաձայն:

«Մենք դեմ ենք Թուրքիային դիպուկազարկ զենքի մատակարարմանը»,- հայտարարել է Կանաչներից Պետեր Պիլցը՝ նկատելով, որ Ավստրիան Եվրամիության առաջին երկիրն է, որը նման որոշում է ընդունել և կարծիք հայտնելով, որ մյուս երկրները պետք է հետևեն Վիեննայի օրինակին:

Հունվարի 24-ին Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների սառեցման վերաբերկալ որոշմանն աջակցություն է հայտնել Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը:

Մեկնաբանել