Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել ադրբեջանական Trend գործակալությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հարաբերությունները նա բնորոշել է որպես «բարեկամական, վստահելի»: Լուկաշենկոյի խոսքով՝ նման հարաբերությունները «բնականոն կերպով տեղափոխվում են նաև միջպետական կապերի համակարգ»:
«Մեր երկկողմ հարաբերությունները ստուգված են ժամանակով և հասցվել են ռազմավարական համագործակցության մակարդակի, որի հիմքում են թափանցիկությունը, վստահությունը, ընկերությունն ու փոխօգնությունը»,- նշել է Բելառուսի առաջնորդը: Նա խոսել է մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների մասին, անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Բելառուսի՝ ուրույն «խաղաղարար հարթակի վերածման» մասին Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը «ոչ թե վերածվել, այլ ձեռք է բերել խաղարարի կարգավիճակ հավասարակշռված, պատասխանատու քաղաքականության շնորհիվ»:
«Ձեզ անկեղծ ասեմ՝ ինչպես բելառուսներն անտարբեր չէին Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, այդպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է նաև Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը, ադրբեջանցիները, դուրս ենք եկել մեկ հզոր երկրից, մեկ ընդհանուր հայրենիքից, որը կոչվում է Խորհրդային Միություն: Այդ պատճառով գործադրելու ենք բոլոր ջանքերը հանուն խաղաղության, մարդկանց նորմալ կյանքի և հանգստության՝ որտեղ էլ լինի»,- ասել է Լուկաշենկոն:
Վերջինս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Բելառուսի դիրքորոշումն անփոփոխ է՝ «խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:
Նա հավելել է, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել կողմերին հակամարտության խաղաղ ելք գտնելու հարցում:
Ադրբեջանական նավթի վերամշակմամբ հետաքրքրվածության մասին
Այս տարվա հոկտեմբերին Բելառուսը վերսկսել է ադրբեջանական նավթի գնումը:
Լուկաշենկոն ասել է, որ դա փոխգործակցության առաջնահերթ ուղղություններից է, այդ թվում՝ Բելառուսի էներգետիկ պաշարների աղբյուրների դիվերսիֆիկացիայի համատեքստում:
«Ադրբեջանական նավթի վերամշակումը մեր գործարաններում մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- նշել է Բելառուսի ղեկավարը: